Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոսկվան ինչքա՞ն կսիրի Թուրքիային

Ապրիլ 27,2023 20:22

Հաճախ է հնչում պարադոքսալ կարծիք, թե մեր տարածաշրջանում Ռուսաստանն վարում է այնպիսի քաղաքականությունը, որը չի բխում նրա ազգային շահերից։ Այս կարծիքը պարադոքսալ է այն տեսանկյունից, որ Մոսկվան նորելուկ չէ արտաքին քաղաքականության մեջ, մեր տարածաշրջանին շատ լավ է ծանոթ եւ նման խնդիրներում նրան մեղադրելը մանկամտություն է թվում։

Մինչդեռ, որքան էլ «զարմանալի» թվա նրա ներկա քաղաքականությունը Հարավային Կովկասում, դժվար է չհամաձայնվել այն տեսակետին, որ կատարվողը չի բխում Ռուսաստանի հեռագնա նպատակներից։ Մոսկվայի համար ռուս-թուրքական ռազմավարական թշնամության շահավետության մասին շատ է խոսվել։ Ամենեւին նպատակ չունենալով ռուս դիվանագետներին ու զինվորականներին կյանք սովորեցնել ու բացատրել, թե ինչու նրանք պետք է միշտ ատեն  Թուրքիայի հետ, եւ այժմ ինչ պետք է անեն, միաժամանակ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչո՞ւ է ներկայումս այդպիսի քաղաքականություն վարվում եւ ինչպիսին պետք է լինի Հայաստանի արձագանքներն այդ պայմաններում։

Խորհրդային Միության փլուզման ժամանակ մեր տարածաշրջանում առկա էին ելցինյան հեռավար կառավարման կետային քաղաքականության համար անհրաժեշտ չորս ականներից երեքը՝ ազգային կոնֆլիկտը, ռուսական ռազմաբազան եւ հզոր գործակալական ցանցը։ Պատրաստվելով Ուկրաինայի դեմ պատերազմին, Մոսկվան բազմաթիվ նախկին գաղութներում պայթեցրեց այդ ականները, կոնսոլիդացնելով իր պոտենցիալը։ Այս տեսանկյունից պետք է ընկալել Բելառուսին ճորտի կարգավիճակին հասցնելը, Վրաստանի քաղաքականության ուժեղ պրոռուսականացումը, մի քանի տարի առաջվա Ղազախստանի դեպքերը, եւ այլն։

Հարավային Կովկասում Ռուսաստանը 2018թ․ Հայաստանում իշխանափոխություն իրականացրեց, որի նպատակը պարտվողական պատերազմ ստանալն է եւ դրա արդյունքում ռուսական խաղաղապահներ (ու հընթացս՝ թուրքական զորամիավորումներ) մտցնելն էր հակամարտության տարածք։ Դրանով Մոսկվան հստակ երաշխիքներ էր ստանում անհրաժեշտության դեպքում ճնշել կամ Հայաստանին, կամ Ադրբեջանին, եւ դառնում էր տարածաշրջանում հավասարակշռության երաշխավորը։ Մինչդեռ 2020թ․ պատերազմից հետո Ռուսաստանը անընդհատ միակողմանի զիջումների է գնում Ադրբեջանի (բնականաբար՝ Թուրքիայի) հանդեպ, եւ մոտ ապագայում կարող է զիջումներն այնքան մեծ լինեն, որ Կրեմլը այլեւս զրկվի հավասարակշռելու լծակներից։

Բնականաբար, Ռուսաստանի այս միակողմանի քաղաքականության հիմնական բացատրությունը պետք է փնտրել Ռուս-ուկրաինական պատերազմի՝ այն ամենակարեւոր առանցքի շուրջ, որն այսօր որոշում է ռուսական քաղաքականությունը։

Ռուս-ուկրաինական  պատերազմում այսօր Թուրքիան հանդիսանում է Ռուսաստանի ամենակարեւոր դաշնակիցը, անգամ ավելի կարեւոր, քան Բելառուսը, որն այսպես, թե այնպես Ռուսաստանի ձեռքում է, կամ Չինաստանը, որը գտնվում է իր մշտական վիճակի՝ ստրատեգիական սպասման մեջ։ Թուրքիան այսօր Մոսկվային է մատուցում կարեւորագույն ծառայություններ՝ ռուսական նավթն ու գազն է վաճառում Արեւմուտքին ադրբեջանականի անվան տակ, ռուսական ներմուծումների համար հանդիսանում է «ալտերնատիվ» աղբյուր, Ուկրաինային հրաժարվում է զենք մատակարարել, ձեռնպահ է մնում Սիրիայում ռուսական ազդեցության գոտիների նկատմամբ իրավիճակը սրելուց, բայց նրա ամենակարեւոր դերակատարումը բխում է պատերազմի թատերաբեմի անմիջական հարեւանությամբ՝ Սեւ Ծովի ավազանում իր գործողություններից եւ նրա ՆԱՏՕ-ական  կարգավիճակից։ Սեւ Ծովում Թուրքիան Ռուսաստանի նկատմամբ իրեն հնարավորինս լոյալ է պահում՝ սկսած նեղուցների համար Ռուսաստանի լիբերալ ռեժիմի պահպանումից, մինչեւ Ղրիմի եւ Ուկրաինայի օկուպացված հարավային ափի նկատմամբ սպառնալիքների բացակայությունից։ Որպես ՆԱՏՕ-ի անդամ այժմ Թուրքիան հանդիսանում է այս կազմակերպության իրական արգելակը, եւ այն բոլոր գործողությունները, որոնք հավաքական հավանություն են պահանջում, նա կամ խափանում է, կամ էլ հնարավորինս ձգձգում։

Բնական է, որ այս ամենի դիմաց Ռուսաստանը պետք է վճարի, եւ նա առաջին հերթին վճարում է Արցախով եւ Հայաստանով՝ գյուղ առ գյուղ, բարձրունք առ բարձրունք, մետր առ մետր զիջելով հայկական տարածքները։ Թուրքիայի կողմից դրված ամենակարեւոր պահանջը թուրանական միջանցքն է, որը Ռուսաստանն այժմ փորձում է ապահովել իր «եղբոր» համար, այդ ծրագրում նաեւ իր համար շահ տեսնելով․ Մոսկվան ենթադրում է, որ այդ միջանցքի անվտանգությունը ինքը պետք է ապահովի իր զորքերով, ինչի հետեւանքով կարեւորագույն քաղաքական եւ տնտեսական շահեր կպոկի միջանցքից։

Իհարկե, ավելի նորմալ պայմաններում՝ եթե Մոսկվան Անկարայից այդքան կախված չլիներ, ապա հայկական դիրքերի հաշվին առեւտուրը հիմարություն կդիտվեր, քանի որ երկարաժամկետ հեռանկարում դա թուլացնում է Ռուսաստանին տարածաշրջանում, նրանից այնպիսի լծակներ է խլում, որոնք շատ դժվար կվերականգնի։ Ի դեպ, այս գործոնը կարեւոր դեր է խաղում նաեւ Արեւմուտքի համար, որը ենթադրում է, թե Թուրքիայի վրա հետագայում ինքը այս կամ այն կերպ կկարողանա ազդել, մինչդեռ այժմ կարեւոր է թուրքական խայծանյութով Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելը։

Ասածը հանրագումարի բերելով պետք է պնդել, որ թեեւ ռուսական երկարաժամկետ շահերի համար խիստ վտանգավոր է Թուրքիայի հզորացումը Հարավային Կովկասում, սակայն այժմ Մոսկվան առաջնորդվում է կարճաժամկետ շահերով, որը ներկա ռեժիմի եւ նրա նախաձեռնած արկածախնդրության արդյունք են։ Ներկա պահին նրա համար կենսական անհրաժեշտություն է Անկարայից առավելություններ պոկելը եւ դրա դիմաց Թուրքիային զիջումները։

Աղասի Ենոքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930