Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը երեկ մեկնել է արտերկիր։ Aravot.am-ի այս տեղեկությունը հաստատեցին Գյումրու քաղաքապետարանից՝ փոխանցելով, որ քաղաքապետը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մասնակցում է ապրիլի 27-28 «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) ծրագրի շրջանակներում անցկացվող ֆորումին:
Եվրոպական Միության կողմից իրականացվող այդ ծրագրի շրջանակներում դեռ 2022 թվականին հայտարարվել էր «Համայնքային վերափոխումների պորտֆելի» հետաքրքրվածության հայտերի ներկայացման մրցույթ։
Մրցույթի մասնակցության հայտեր էին ներկայացրել 16 համայնքներ, որոնցից հաթող էին ճանաչվել Գյումրի և Կապան համայնքները։
«Գյումրիի ծրագիրը ենթադրում է՝ տուրիստական ենթակառուցվածքների զարգացում, պատմական միջավայրի արդիականացում, մշակութային կառույցների վերազինում և այլն»,-փոխանցեցին Գյումրու քաղաքապետարանից։
Կարդացեք նաև
Նշենք, որ ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինն այս ծրագրի շրջանակում քննարկում ունեցել էր հենց Գյումրու քաղաքապետարանում՝ նշելով, որ սա տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության ամենամեծ ծրագրերից է և Գյումրին շատ կարևոր դերակատարություն ունի Հայաստանի զարգացման գործում։
«Ինչ ակնկալիք ունենք, և ինչպես կուզեի տեսնել ծրագրի վերջնարդյունքը։ Քաղաքը շատ լավ կառուցվածք ունի, զբոսաշրջության համար բավականին հարմարեցված է, բայց կուզեի, որ ավելի ընդլայնվեր շրջանակը, և զբոսաշրջության կայուն հիմքեր դրվեին, որպեսզի Գյումրին իր ուրույն տեղն ունենար տուրիզմի համաշխարհային քարտեզում», -ասել էր դեսպանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ