Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջանում է պաուզա, որի ընթացքում ոչնչանում է եւ Արցախը եւ Հայաստանը». Հրանտ Բագրատյանը՝ ստեղծված իրավիճակի մասին

Ապրիլ 27,2023 19:25

Վաղը՝ ապրիլի 28-ին, ժամը 18.00-ին «Միասին» հասարակական- քաղաքական շարժումը հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում: Պահանջը նույնն է՝ Արցախի ճանաչում, գործող իշխանության հրաժարական:

Շարժման անդամ, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց՝ որքան շուտ այս կառավարությունը հեռանա ասպարեզից, այնքան արագ կկարողանանք երկրում իրավիճակը փոխել. «Մենք հիմա սկսել ենք ու ձևավորում ենք նոր կառավարության այնպիսի ծրագիր, որը իսկապես կարող է այս իրավիճակից Հայաստանը դուրս բերել։ Հայաստանի վարչապետը շարունակում է արտաքին քաղաքականության մեջ նորից ու նորից միմյանց հակասող հայտարարություններ անել»: Վաղվա հանրահավաքում, ծրագրի որոշ դրույթներ կհանրայնացվեն:

 

«Մեկ իր ելույթում ասաց, թե Լաչինի միջանցքը միայն պիտի վերահսկվի ռուս խաղաղապահների կողմից, մեկ ասաց, թե պիտի միջազգային փաստահավաք խումբ հրավիրել այնտեղ, ովքեր պիտի ունենան հնարավորինս լայն մանդատներ։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երևի չէր հասցրել իր շեֆի հետ խորհրդակցել ու Պետրոսի մոտ հյուրընկալվելիս մի հետաքրքրիր բան ասաց։ Գրիգորյանը պնդեց, որ Լաչինի միջանցքը պատկանում է ՌԴ-ին։ Անգամ Պետրոսը փորձեց ուղղում անել, ասաց, որ գուցե վերահսկել բառն է ճիշտ օգտագործել, այլ ոչ թե պատկանելը, բայց Գրիգորյանը ասաց, որ չէ, հենց պատկանել։ Այսինքն ստացվում է, որ միայն Ռուսաստանը պիտի պատասխանատվություն կրի։ Լավ, բա մենք ի՞նչ ենք անում, մենք։ Խոսքը կոնկրետ Հայաստանի տարածքի մասին է, եկել մտել են, մուրացկանի պես աշխարհով մեկ ընկած ասում ենք, թե եկեք մեզ փրկեք»,- ասաց Արամ Սարգսյանը։

Շարժման խորհրդի անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ խոսեց երեկ, Կապանի օդանավակայանի գործարկման մասին, դա անվանելով միտումնավորություն. «Օդանավակայանի անմիջապես կողքին ադրբեջանցին զենքով կանգնած է, այսքանից հետո սա ուզում է ցույց տալ, թե տեսեք, Կապանի օդանավակայանն է անգամ աշխատում ու դեռ աշխատելու է: Իր մանիպուլյացիաները պարզապես արդեն ծիծաղելի են։ Լրիվ Կաշպիրովսկին է։ Ինքն իր մեջ անընդհատ մտածում է, որ շարունակ կարողանալու է խաբել այս ժողովրդին։ Մտածում է ու կարծում, որ ժողովուրդը դե հիմար է, ինչ է հասկանալու որ»:

Հրանտ Բագրատյանը համոզված է՝ խնդիր է դրված «ավերել» հայ-ռուսական հարաբերությունները ու դա Արցախի ժողովրդի կյանքի հաշվին. «Հենց հիմա իրենց արևմտամետությունը բռնեց։ Արմեն Գրիգորյանը ստանում է հրահանգներ Արևմուտքից։ Հստակ է Արևմուտքի մոտեցումը՝ տվեք Ղարաբաղը, ժողովրդին էլ հավաքեք ու տարեք, որպեսզի ցեղասպանություն չլինի»։

ՌԴ-ի հասցեին հնչող մեղադրանքներին ի պատասխան էլ նախկին վարչապետն ասում է, որ ռուսները փորձում են ինչ-որ բան փրկել. «Այո, իրենց շահի համար են դա անում, բայց գոնե փորձում են։ Հայաստանի ղեկավարը կանգում ու Հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղը տեսնում է Ադրբեջանի կազմում։ Հիմա եթե Հայաստանի կառավարությունը սենց բան է ասում, ռուսների մոտ մի հարց է առաջանում, թե այդ դեպքում իրենք այնտեղ ի՞նչ են անում։ Ադրբեջանը Ղարաբաղը տեսնում է իր կազմում, Հայաստանը տեսնում է Ադրբեջանի կազմում, էլ ի՞նչ գործ ունի այդտեղ ռուս խաղաղապահը։ Ահա այս կերպով պարզապես գնդակահարում են ռուս խաղաղապահներին, իսկ սա տվյալ դեպքում հենց Արևմուտքի պատվերն է։ Այո, Արևմուտքը իրոք քաղաքական կշիռ ունի, սակայն նրանց պատվերը միայն հնարավոր է իրականացնել Արցախի հայության բնաջնջման հաշվին»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

«Մենք գտնվում էինք որոշակի անվտանգության համակարգում, հիմա ինքն (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-Ն. Գ.) այդ անվտանգության համակարգը դեմոնտաժ արեց, նորն էլ չունենք. մեզ ոչ ՆԱՏՕ-ում են սպասում, ոչ… մարդու անհեռատեսության, կրթության բացակայությունը կայանում է նրանում, որ հեռացնում է մի անվտանգության համակարգ՝ մինչեւ նորը կստեղծի: Առաջանում է պաուզա, որի ընթացքում ոչնչանում է եւ Արցախը եւ Հայաստանը»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930