«Ոչ մի բան չեմ կարող ասել, ոնց որ փակ, գաղտնի հանդիպում էր, էլի, էս անգամ ոչ մի բան չեմ խոսելու: Մենք կոնկրետ ոչ մի բան չունենք ասելու, վարչապետի հետ հանդիպել-քննարկել ենք հարցեր, որ ինքը կարող է տեղյակ չլիներ, մենք ունենք լուսանկարներ, փաստեր, որ ցույց ենք տվել՝ հասկանալու համար, թե վարչապետը ինչքանով է տեղյակ: Փակ խոսակցություն է եղել, այս պահին ոչ մի բան չենք կարող ասել, ոնց որ կորցնում ա լրջությունը, էլի»:
Նիկոլ Փաշինյանի հետ ավելի քան 2 ժամ տված հանդիպումից հետո, ի պատասխան լրագրողների հարցերի տեղատարափի՝ անընդհատ կրկնում էր Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողներից մեկը:
Բավարարե՞լ է արդյոք վարչապետի պատասխանը,-լրագրողի հարցին՝ նա ասաց, գործը քննարկման փուլում է, և այժմ ոչինչ չեն կարող ասել:
Մեկ այլ ծնող ընդամենն ասաց, որ որոշ բաներից վարչապետն իսկի տեղյակ չէր:
Կարդացեք նաև
Ծնողները հայտնեցին, որ իրենց հարցերը գրավոր հանձնել են Նիկոլ Փաշինյանին և ապասում են պատասխանին, նրանք պնդեցին, որ իրենց հարցերի պատասխանները վերջնական չստանալու դեպքում կշարունակեն պայքարել:
Տեղեկացնենք, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը զինծառայողների ծնողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը չէր մասնակցում:
Հիշեցնենք, որ զոհվածների ծնողներն անցած շաբաթ ցույց էին անում կառավարության շենքի մոտ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջով: Նրանք փակել էին Տիգրան Մեծ պողոտան, ապա բացել այն, քանի որ ոստիկանները տեղեկացրել էին, որ իրենց պահանջը փոխանցվել է կառավարության ներկայացուցիչներին: Հետո ծնողները փակել էին Ամիրյան փողոցը, քանի որ վարչապետը հեռացել էր կառավարության նիստից՝ առանց ծնողներին հանդիպելու: Ավելի ուշ նրանց ընդունել էր վարչապետի օգնական Գառնիկ Իսախանյանը:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ