Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն «անհեթեթություն» է որակել անցակետի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Ապրիլ 27,2023 18:35

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում «անհեթեթ» է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում արված հայտարարությունը Լաչինի միջանցքի սկզբնամասում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ:

«Վճռականորեն հերքում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհեթեթ արտահայտությունները, որոնք նա արել է ապրիլի 27-ի իր ելույթում՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին հսկիչ անցակետի տեղադրման հետ»,- ասվում է հայտարարության մեջ:

Բաքուն պնդում է, որ «հայկական կողմի ցանկացած միջամտություն սեփական տարածքում [ադրբեջանական] սահմանային անցակետի բացմանը, որը Ադրբեջանի ներքին գործն է, ոտնձգություն է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ և հակասում է այն պարտավորություններին, որ ստանձնել է Հայաստանը Պրահայում և Սոչիում, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին»:

«Հայկական կողմի նման հայտարարությունները ոչ միայն չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության և հանդարտությանը, այլև դիտավորյալ կերպով ուղղված են լարվածության ավելացմանը»,- ասվում է հայտարարության տեքստում:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ չնայած «եռակողմ հայտարարության դրույթներին՝ Հայաստանը չի դադարեցրել սադրիչ ռազմական քայլերն Ադրբեջանի դեմ, որոնք նպաստում են իրավիճակը սրացմանը, օգտագործել է Լաչինի ճանապարհն անօրինական գործունեության, զինամթերքի և ականների տեղափոխման համար, դուրս չի բերել իր զինված ուժերն Ադրբեջանի տարածքից»:

«Այս առումով միանգամայն անընդունելի են կարծիքներն այն մասին, որ այդ կետի տեղադրումը, որը կկանխի նշված սադրանքները, բացասական կանդրադառնան խաղաղության գործընթացի վրա: Ընդհակառակը, նման քայլ ձեռնարկելը կնպաստի նշված անօրինական գործունեության արդյունավետ կանխմանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ըստ այդմ, Բաքվի կարծիքով, «միանգամայն սխալ է գնահատել տվյալ անցակետի տեղադրումը, որը կկարգավորի սահմանին ելումուտը, որպես ճանապարհի փակում»:

«Միաժամանակ, ի հեճուկս վարչապետի պնդումներին, ըստ եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանն օժտված է Լաչինի միջանցքի նկատմամբ լիազորություններով և ինքնիշխան իրավունքներով: Ադրբեջանը, ինչպես միշտ, իր պարտավորությունների շրջանակում երաշխավորում է Լաչին-Խանքենդի (Բերձոր-Ստեփանակերտ – խմբ.) ճանապարհով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը, և կշարունակի համապատասխան միջոցներն այդ ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

Նախարարությունն «անհեթեթ և անընդունելի» է համարել Հայաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ սահմանային անցակետի տեղադրումը էթնիկ զտման նպատակ է հետապնդում: «Կան համապատասխան պայմաններ Ադրբեջանի Ղարաբաղ շրջանի հայ բնակիչների համար երկու ուղղություններով թափանցիկ, անվտանգ և կարգավորված տեղաշարժի համար»,- կարծում են Ադրբեջանի ԱԳՆ-ում:

ԱԳՆ-ից նաև նշել են, որ ադրբեջանական կողմը կշարունակի երկխոսությունն «իր ծագումով հայ բնակիչների հետ՝ համաձայն Ադրբեջանի օրենսդրության», և որ «այդ հարցում երրորդ անձանց միջամտությունն անթույլատրելի է»:

«Չհիմնավորված հայտարարություններ անելու փոխարեն՝ հայկական կողմին կոչ ենք անում պատասխանատու և կառուցողական մոտենալ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, որից նա հրաժարվել է անցյալ տարվա դեկտեմբերին, հետևել եռակողմ հայտարարություններից բխող իր պարտավորություններին, զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք դեմ են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,- ասել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930