Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Թուրքիայի ընդդիմությունը դառնա իշխանություն, ապա Հայաստանից, միեւնույնն է, ուզելու են այդ «գինը»․ Ռուբեն Սաֆրաստյան

Ապրիլ 27,2023 18:10

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 25-ին իրեն վատ է զգացել ուղիղ եթերի ժամանակ, որից հետո ժամանակավորապես հետաձգվել են 69-ամյա նախագահի բոլոր նախընտրական միջոցառումները։ Այս իրավիճակի եւ Թուրքիայում մայիսի 14-ին սպասվելիք նախագահական-խորհրդարանական ընտրությունների մասին Aravot.am-ը զրուցել է թուրքագետ, արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

-Պարոն Սաֆրաստյան, Էրդողանի առողջական վիճակի հետ կապված տեղեկություններն արժանահավա՞տ են, թե՞ չափազանցված, ի՞նչ է այս պահին հայտնի։

– Ատոմակայանի բացմանը նա առցանց ելույթ ունեցավ։ Եվ քանի որ առցանց ձեւաչափով նա երեւաց, թեկուզ թույլ վիճակում, ուստի այն լուրերը, թե նա ծանր վիճակում է, վերակենդանացման բաժանմունքում է եւ ընտանիքին կանչել են հիվանդանոց՝ սուտ դուրս եկան։ Բայց ակնհայտ է, որ ինչ-որ խնդիր ունի՝ հաշվի առնելով ելույթի առցանց լինելը։ «Աքքույի» ատոմակայանի բացումն իր ամենակարեւոր նախագծերից մեկն է։

Ամեն դեպքում, հայտարարվել է, որ առաջիկա օրերին Էրդողանն անձամբ չի մասնակցի նախընտրական պայքարին։ Սա նշանակում է, որ իսկապես ինչ-որ բան եղել է․ հարցազրույց տալիս գիտակցությունը կորցրել է։ Եթե Էրդողանի վիճակը թույլ կտա մի քանի օր անց վերականգնվել, ապա չեմ կարծում, որ ընտրությունների արդյունքները կանխորոշված կլինեն այս հանգամանքով։ Իսկ եթե պարզվի, որ իսկապես վատ է նրա վիճակը, ապա այդ դեպքում կունենա կարեւոր ազդեցություն։

-Մասնավորապես, ինչպիսի՞ ազդեցության մասին է խոսքը, դա որքանո՞վ կազդի ընտրությունների ելքի վրա։

-Չեմ կարծում, որ եթե Էրդողանը դուրս գա ընտրարշավից, ապա «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կարող է համարժեք փոխարինող գտնել նրան։ Էրդողանն իսկապես շատ խարիզմատիկ գործիչ է։ Կուսակցությունում նման գործիչ չկա, որը կկարողանար փոխարինել նրան եւ ունենալ նույնքան հեղինակություն։ Դա ծանր հարված կլինի կուսակցությանը։ Ուստի սպասենք, տեսնենք։

-Եթե առողջական վիճակի բերումով կամ ընտրությունների արդյունքներով Էրդողանը դադարի լինել Թուրքիայի նախագահ, արդյոք դա ազդելո՞ւ է ՀՀ-ի հանդեպ Թուրքիայի քաղաքականության, նպատակների վրա։ Թուրքիայի առաջնորդի փոփոխությունը մեր համար եւս ենթադրելո՞ւ է փոփոխություն։

-Կարծում եմ՝ եթե Էրդողանը չհաղթի, եւ իշխանության գա ընդդիմությունն ու խորհրդարանում ստանա մեծամասնություն, ապա Թուրքիայում, ընդհանուր առմամբ, քաղաքականությունը ՀՀ-ի հանդեպ չի փոխվելու։ Իմ համոզմունքը հիմնված է այն բանի վրա, որ արդեն 30 տարուց ավելի՝ Թուրքիան նույն քաղաքականությունն է վարում ՀՀ-ի հանդեպ, որի հիմքը դրվել է դեռեւս 1991թ․-ից, երբ Թուրքիան ճանաչեց Հայաստանի հանրապետությունն առաջիններից մեկը։ Բայց եւ հրաժարվեց ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց։ Այն հայտարարության մեջ, որով Թուրքիան ճանաչեց Հայաստանի հանրապետությունը որպես անկախ պետություն, նշված է, որ որոշակի խնդիրների պարզաբանումից հետո միայն Թուրքիան կմտածի հարաբերությունների հաստատման մասին։

Կարծում եմ՝ այդ ժամանակից թուրքական վերնախավը, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունները, ընտրել է իր քաղաքականությունը ՀՀ-ի հանդեպ։ Իսկ իրողությունն այն է, որ ՀՀ-ն ելք չունի դեպի ծով։ Այդ պատճառով թուրքական վերնախավը, անկախ նրանից՝ ընդդիմություն է, թե իշխանություն, հետեւյալ մոտեցումն ունի․ եթե ՀՀ-ն շահագրգռված է Թուրքիայի հետ ունենալ հարաբերություններ ու բաց սահման, ապա պետք է դրա համար գին վճարի։ Այդ գինն այն նախապայմաններն են, որոնք կան տասնյակ տարիներ եւ որոնց վերջերս ավելացել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։

Բացի այդ, դեռեւս այս տարեսկզբին ընդդիմության ակնառու դեմքերից Ահմեդ Դավութօղլուն, որը Թուրքիայի նախկին ԱԳ նախարարն էր ու վարչապետը, հայտարարեց՝ հիմա ամենահարմար պահն է, որ մենք ճնշում գործադրենք ՀՀ-ի վրա եւ նրանից ստանանք ամենն, ինչ ուզում ենք։ Ուստի, եթե ընդդիմությունը գա իշխանության, Թուրքիայի քաղաքականությունը ՀՀ-ի հանդեպ սկզբունքորեն չի փոխվի, իրենք կպահանջեն այդ գինը։ Բայց քանի որ ընդդիմությունը կապված է արեւմուտքի՝ ԱՄՆ-ի հետ, ապա ԱՄՆ-ի ազդեցությունը Թուրքիայի քաղաքականության վրա կլինի ավելի մեծ։ Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն ի սկզբանե կողմ է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Սա հաշվի առնելով, եթե ներկայիս ընդդիմությունը դառնա իշխանություն, ապա նշյալ գինը որոշակի չափով կմեղմվի։ Բայց գինը, միեւնույնն է, ուզելու են։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930