Սույն թվականի ապրիլի 24-25-ը ԹԻՀԿ իրավաբան Վարդուհի Ավանեսյանը մասնակցել է Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մարդկային հարթության 2-րդ լրացուցիչ հանդիպմանը, որը կազմակերպվել է ԵԱՀԿ Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից։ Մարդկային հարթության 2-րդ լրացուցիչ հանդիպումը որպես մտքերի փոխանակման ֆորում հնարավորություն է տվել քննարկելու խոշտանգումների և միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտումների հետ կապված խնդիրներ: Իր ելույթների ընթացքում ԹԻՀԿ իրավաբանը բարձրացրեց մարդու իրավունքների, այդ թվում՝ ազատ տեղաշարժի, սննդի և առողջության իրավունքի կոպիտ խախտումների հարցը, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ որպես Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի շրջափակման հետևանքով։
Հանդիպման ընթացքում ԹԻՀԿ անունից բարձրացվել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հետ վարվելակերպի և վերադարձի անհնարինության հետ կապված միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հարցը, ինչպես նաև ադրբեջանական ագրեսիայի պատճառով Հայաստանի սահմանամերձ մարզերում անվտանգության, ջրի և սանիտարական պայմանների խախտումների հետ կապված խնդիրները։ Առանձին ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի տարածք միջազգային փաստահավաք և տեխնիկական առաքելությունների անհնարինությանը՝ կոչ անելով ԵԱՀԿ մասնակից երկրներին օգտագործել իրենց ազդեցությունը՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի խախտումները։
ԹԻՀԿ