Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդյոք Փարաքարի համայնքապետը պետք է հրաժարական տա կատարվածից հետո՝ ըստ նրա տեղակալի

Ապրիլ 27,2023 17:47

Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանը «Կալիֆորնիա» գիշերային ակումբում, նախնական տվյալներով, խուլիգանական արարքներով «աչքի ընկնելուց հետո» բյուլետեն է վերցրել, աշխատանքի այլեւս չի գնում: Նրա տեղակալ Կարապետ Արթենյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչու է համայնքապետը բյուլետեն վերցրել, ինչ խնդիրներ ունի, ի պատասխան Արթենյանն ասաց. «Դե հիմա մանրամասն ոնց ասեմ, աղիների հետ կապված խնդիր կա: Ինքը բուժվում է հիմա, բյուլետենի մեջ է: Հուսով եմ մայիսի տոներից հետո աշխատանքի կգա»:

Կարապետ Արթենյան

Անդրադառնալով համայնքապետի մասնակցությամբ միջադեպին գիշերային ակումբում՝ պարոն Արթենյանն ասաց, որ դրա մեջ որեւէ լուրջ բան չի տեսնում. «Ավելի շատ ուռճացնում են: Հետո եմ իմացել հպանցիկ, ուրիշ տեղեկատվություն չունեմ, ոչ էլ սիրում եմ նման զրույցների մասնակցել, որովհետեւ եթե մի բան հաստատ չգիտես, չարժե էլի, ինչ-որ բան պնդես: Բայց էլի եմ ասում՝ որեւէ լուրջ բան չկա: Մենք ապրում ենք իրավական պետության մեջ, եթե կլինի դատավճիռ, ինչ-որ բան, նոր կարելի է մարդուն ինչ-որ բանի մեջ մեղադրել: Կա անմեղության կանխավարկած»:

Պարոն Արթենյանից հետաքրքրվեցինք՝ ինքը խուլիգան համարո՞ւմ է համայնքապետին՝ հաշվի առնելով, որ գիշերային ակումբում համայնքապետի գործողություններից հետո բոլորը հիշեցին նրա անցյալը, երբ տարիներ առաջ 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել խուլիգանական արարքների համար, ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Ես կարող եմ վստահությամբ ասել, որ այդ մարդը խուլիգան չէ: Ավելի քան մեկ տարի է՝ աշխատում եմ հետը, ինքը նորմալ մարդ է, հայ մարդ է: Հիմա բոլոր մարդիկ էլ իրենց կյանքում տարբեր հարցերի հետ կարող է առնչված լինեն, դա չի նշանակում, որ նրանք խուլիգան են ու իրավունք չունեն համայնքապետ լինեն: Իրեն ընտրել են, կոալիցիա են կազմել, իրեն ընտրել է ժողովուրդը, ինքը դարձել է համայնքապետ: Ինչ կապ ունի անցյալի հետ: Նորմալ աշխատում ենք, մի քիչ լավ, մի քիչ վատ աշխատում ենք համայնքի հարցերը լուծել: Սովորական առօրյա աշխատանք է: Մեզ մոտ սիրում են մարդուն տրորել, գցել առանց վերջնական իմանալու՝ ինչ է եղել»:

Մեր զրուցակիցն ասաց, որ համայնքապետի հետ դեպքից հետո երկու անգամ է հեռախոսով խոսել՝ այն էլ համայնքին վերաբերող հարցերի շուրջ. «Էդ թեմայով ընդհանրապես հետը չեմ խոսել, չեմ էլ ուզում խոսել, որովհետեւ, ընդհանուր առմամբ, ոչ մի բան չունեմ ճշտելու: Տհաճ բան է, բոլորի հետ էլ կարող է պատահել… մեկը, որ ընկնում է, դանակավորները շատանում են, էդ տարբերակն է»:

Պարոն Արթենյանից ճշտեցինք նաեւ, արդյոք համայնքապետի հետ գիշերային ակումբ գնացածների մեջ համայնքապետարանի աշխատակիցներ կայի՞ն, ի պատասխան ասաց. «Իմ կարծիքով համայնքապետարանի ոչ մի աշխատակից չի եղել»:

Իսկ արդյոք համայնքապետը պետք է հրաժարական տա կատարվածից հետո, ըստ նրա տեղակալի՝ «Մենք ինչի համար հրաժարականի հարց դնենք: Էլի եմ ասում մենք իրավական պետությունում ենք ապրում, որտեղ կան քննչական մարմիններ, դատարան, եթե դատարանը որոշում կկայացնի, որ ինչ-որ մարդ ինչ-որ բանի համար մեղավոր է, էդ մարդն իր պատիժը կստանա: Բայց առանց դրա ինչ-որ մեկին մեղադրելը ճիշտ չէ»:

Քննչական կոմիտեից էլ տեղեկացանք, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դեռ որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930