Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրդողանի իշխանությունն արդեն անցողիկ է, անգամ եթե նա ընտրակեղծարարություն կամ վարչական լծակներ բանեցնի»․ թուրքագետ

Ապրիլ 27,2023 17:36

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 25-ին իրեն վատ է զգացել ուղիղ եթերի ժամանակ, որից հետո ժամանակավորապես հետաձգվել են 69-ամյա նախագահի բոլոր նախընտրական միջոցառումները։ Այս իրավիճակի եւ Թուրքիայում մայիսի 14-ին սպասվելիք նախագահական-խորհրդարանական ընտրությունների մասին Aravot.am-ը զրուցել է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի հետ։

Մուշեղ Խուդավերդյան

 

-Պարոն Խուդավերդյան, Էրդողանի առողջական վիճակի հետ կապված տեղեկություններն արժանահավա՞տ են, թե՞ չափազանցված, ի՞նչ է այս պահին հայտնի։

-Նախ, պաշտոնական որեւէ հայտարարություն չկա Ռեջեփ Էրդողանի վիճակի՝ կաթված ստանալու կամ մահամերձ լինելու վերաբերյալ։ Հետեւաբար, եկեք պաշտոնական տեղեկատվությանը վստահենք։ Այո, հարցազրույցի ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է, բայց ինչ է կատարվել իրականում, դեռ չգիտենք։ Ատոմակայանի բացման միջոցառմանը նա հեռավար մասնակցեց, հետեւաբար, կարող ենք փաստել, որ նա լուրջ առողջական խնդիրներ ունի։

-Մայիսի 14-ին սպասվելիք ընտրություններում ովքե՞ր են մրցապայքարի առանցքային դեմքերը։

-Մրցում են փաստացի ռուսական կողմնորոշում ունեցող Էրդողանի ուժերը, որոնք կողմ են Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը, եւ հակառուսական դիրքորոշում բռնած ընդդիմությունը՝ Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավորությամբ։ Ճիշտ է, Քեմալ Քըլըչդարօղլուն բացահայտ չի նշում եւ հակառուսական հարցազրույցներ չի տալիս, բայց ասում է, որ ռուսներին թույլ չեն տա խառնվել Թուրքիայի ներքին գործերին։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ նա նշում է, որ պետք է կատարվեն ՄԱԿ-ի ընդունած որոշումները։ Այսինքն, նա փաստացի դեմ չէ միանալուն ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին։ Եվս երկու թեկնածուներ են պայքարում, սակայն հիմնական մրցակիցներն են Էրդողանը եւ Քեմալ Քըլըչդարօղլուն։

-Էրդողանի՝ ընտրություններում հաղթելու հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում։ Արդյոք չափազանցվա՞ծ են պնդումները, որ նա կորցրել է հեղինակությունն ու ընտրազանգվածը։

-Փաստացի, նա ոչ միայն կորցրել է ընտրազանգվածին, այլեւ հեղինակազրկվել է։ Թուրքիայում առկա դժգոհությունները, ավերիչ երկրաշարժի հարվածը, հարցումները, արեւմուտքի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումը խոսում են այն մասին, որ նրա վարկանիշն անկում ունի։ Սակայն մի հանգամանք կա։ Եթե նա ընտրություններում օգտագործի իր վարչական լծակներն ու ընտրակեղծարարությունը, գուցե կարողանա արդյունք ապահովել, բայց դա նրա իշխանությունը չի փրկի անկումից, քանի որ Էրդողանն այլեւս չունի հեղինակություն։ Բացի այդ, թուրք ժողովուրդն առավելապես աշխարհիկ է, իսկ Էրդողանը՝ ծայրահեղ հայացքների տեր։ Հետեւաբար, կարող ենք ասել, որ Էրդողանի իշխանությունը Թուրքիայում արդեն անցողիկ է, անգամ եթե նա շարունակի ընտրակեղծարարություն կամ վարչական լծակներ բանեցնել։

-Ենթադրենք, Թուրքիայի գործող նախագահն առողջական խնդիրների պատճառով կամ ընտրությունների արդյունքում դադարում է այդ երկիրը ղեկավարել, դա արդյոք ազդելո՞ւ է ՀՀ-ի հանդեպ Թուրքիայի քաղաքականության, մոտեցումների եւ վերաբերմունքի վրա։

-Ոչ, ոչ մի կերպ։ Թուրքիան դեռեւս ԽՍՀՄ փլուզումից հետո անկախացած ՀՀ-ի առաջ դրել է հստակ նախապայմաններ, թե որ դեպքում ՀՀ-ի հետ հարաբերություններ կհաստատի։ Գլխավոր նախապայմանը հայտնի է՝ Ղարաբաղն ամբողջապես եւ պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի մաս․․․թուրքական որեւէ իշխանություն չի հերքել նախապայմանները։ Ոչ Քըլըչդարօղլուի, ոչ Էրդողանի, ոչ էլ այլ թեկնածուների դեպքում այդ իրողությունը չի փոխվելու։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930