Այսօր Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ տեղի ունեցավ Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։
Այս նիստում դատարանն իր նախաձեռնությամբ Վանաձոր համայնքի հատակագիծն ուսումնասիրելու վերաբերյալ պարզաբանումների համար հրավիրել էր փորձագետի՝ Քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահ Նունե Պետրոսյանին:
Պետրոսյանի բացատրությունները դեռ ամբողջությամբ չլսած՝ նիստը հետաձգվեց, որովհետեւ դատախազն այլ գործով նիստի էր:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում Մամիկոն Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանն ասաց, որ իրենց համոզմամբ՝ որեւէ մասնագետի կարիք չկա. «Մեղադրանք են առաջադրել, մեղադրանքի հիմքում ապացույց են դրել, հիմա դատարանը մասնագետ է կանչում, որ պարզաբանում ստանա այդ ապացույցի վերաբերյալ: Բայց արդեն մեղադրանքում գրված է, որ դու շատ հստակ պատկերացրել ես, գիտակցել ես, հասկացել ես, չես կատարել: Անձը գտնվում է կալանքի տակ, բայց դեռ ուզում են ապացույցի բովանդակությունը հասկանալու համար դեռ դատարանին, դատախազին հարցեր պարզաբանեն: Ընդամենը 2 հարցի փորձագետը պատասխանեց, արդեն այդ առումով հօդս ցնդեց մեղադրանքը: Քննիչը ապացույցը հետազոտել է, գրել է՝ այս ապացույցը հետազոտմամբ պարզել ենք, որ այս հասցեի հողամասը այսինչ նպատակային նշանակությունն ունի: Մասնագետը, ով զբաղվել է, գլխավոր հատակագծով էլ է առնչվում, եկել՝ ասում է, որ գլխավոր հատակագծում հասցե չի երեւում: Խոսքը վերաբերում է նույն փաստաթղթին՝ քրգործում առկա գլխավոր հատակագծին: Քննիչը «պարզել» է, այսօր դատարանը փորձում է հասկանալ, թե գլխավոր հատակագծում ինչ է նշված, որն է 60 հոդված, որը չէ, բայց արդեն մեղադրանքը առաջադրվել է ու Մամիկոն Ասլանյանը 1,5 տարի է՝ գտնվում է կալանքի տակ»:
Հաջորդ դատական նիստում պետք է շարունակվի մասնագետի պարզաբանումների ուսումնասիրությունը:
Հետո նոր կանցնեն վկաների հարցաքննությանը: Հարցին՝ վկաներին որ հարցաքննեն, արդեն ամեն ինչ ջրի երե՞ս դուրս կգա՝ փաստաբանը պատասխանեց. «Հիմա էլ է ջրի երես դուրս եկած: Այսպես ասեմ՝ կա քաղաքապետի որոշում, որը վարչական ակտ է, հո վկաների ցուցմունքո՞վ չի որոշվում՝ այդ վարչական ակտը օրինակա՞ն է, թե՞ չէ: Դա նույնն է, որ վկային կանչենք, քննենք, որ ասի՝ դատավճիռը հիմնավո՞ր է, թե՞ չէ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ