Երեւանում այսօր՝ ապրիլի 27-ին, «Աղջիկները ՏՀՏ-ում» ամենամյա միջազգային օրվա շրջանակում, տեղի ունեցավ «Թվային հմտությունները կյանքում» դասընթացը, որին մասնակցում էին հանրապետության 35 թանգարանների եւ թատրոնների ավելի քան 60 աշխատակիցներ։
Միջոցառումը կազմակերպել էին «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» եւ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ները՝ ԲՏԱ եւ ԿԳՄՍ նախարարությունների հետ համագործակցությամբ։
«Արդեն 6-րդ անգամ ենք միանում «Աղջիկները ՏՀՏ-ում» միջազգային օրվան՝ խնդիր դնելով լուծելու լոկալ կարիքները՝ կանանց ներգրավվածությունը, մասնագիտական կարողությունները ՏՏ ոլորտում ընդլայնելու նպատակով։ Այս տարին մեր ուշադրության կենտրոնում մշակութային հաստատություններն են՝ թվային միջավայրում նրանց կարողությունների զարգացումը»,- ողջունելով մասնակիցներին՝ նշել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանը։
Դասընթացի մասնակիցներին ներկայացվեցին սոցիալական եւ առցանց հարթակներում էջեր վարելու տարբեր գործիքներ ու հմտություններ, եւ թվային անվտանգության հիմունքները։ Վիքիմեդիա Հայաստանի ներկայացուցիչը թանգարանների եւ թատրոնների աշխատակիցներին ծանոթացրեց համագործակցության հնարավորություններին՝ ինչպես առցանց այդ հանրագիտարանում զարգացնել թեմատիկ ոլորտներին վերաբերող բովանդակությունը։
ՏՀՏ ոլորտում կանանց ներգրավվածությունը Հայաստանում ավելի քան 40% է, աշխարհում այդ ցուցանիշը կազմում է հայաստանյանի ճիշտ կեսը՝ ավելի քան 20%: Այդուամենայնիվ, ըստ 2021 թվականի Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ գենդերային զեկույցի՝ Հայաստանում STEM կրթության մեջ տղաների ներգրավվածությունը ավելի մեծ է՝ 22%, քան կանանց եւ աղջիկներինը՝ ավելի քան 10%։
Կարդացեք նաև
«Աղջիկները ՏՀՏ-ում» միջազգային օրը սահմանել է Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU)։ Անցած 11 տարիներին ամենամյա պարբերականությամբ` 171 երկրներում անցկացվել է 11,400 միջոցառում, որոնց մասնակցել է ավելի քան 377,000 կին։ Հայաստանում այդ միջոցառումներին մինչ օրս՝ 6 տարում, մասնակցել է տարբեր մասնագիտությունների եւ տարիքի շուրջ 300 կին։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ