Կառավարության այսօրվա նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց նաև երեկ Երևանից Կապան փորձնական թռիչքով, որը հավակնում է կանոնավոր դառնալ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չցանկացավ նշել կանոնավոր թռիչքների մեկնարկի ժամկետների մասին, փոխարենն ասաց, որ փորձնական թռիչքի ժամանակ արձանագրվել են որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք դեռ պետք է լուծվեն։
«Մի հատված ենք ունեցել, որտեղ մոտ երկու րոպե ինքնաթիռը որոշ սարքավորումներով չի նկատվել, որը տեխնիկական է։ Մենք հենց դա էլ ուզում էինք հասկանալ, որպեսզի հետագայում թռիչքուղու ուղղությամբ մեր ալեհավաք և այլ նավիգացիոն սարքավորումները շտկենք։ Ընդհանուր առմամբ, թռիչքը դրական ենք գնահատում։ Մեր նպատակն է վերլուծել տեղի ունեցածը»,– ասաց նախարարը։
ՏԿԵ նախարարը նաև հայտնեց, որ փորձնական թռիչքը Երևանից Կապան տևել էր 46 րոպե, բայց կանոնավոր թռիչքների դեպքում այն կկրճատվի 5-6 րոպեով, քանի որ փորձնական թռիչքը ավելի դանդաղ է իրականացվել` հնարավոր տեխնիկական խնդիրները բացահայտելու համար։
Կարդացեք նաև
Սանոսյանը նշեց, որ վերլուծություններից ու սարքավորումների փոփոխությունից հետո հնարավոր է նոր տեխնիկական փորձնական թռիչք իրականացվի։ Եվ միայն ինքնաթիռի ամբողջ թռիչքը ռադարների կողմից տեսանելի լինելու դեպքում կսկսվեն աշխատանքները կանոնավոր թռիչքների կազմակերպման ուղղությամբ։
«Քանի որ սա ներքին թռիչք է, պետք է հասկանանք, թե «Զվարթնոցում» ու տեղում ինչպես պետք է կազմակերպենք, որովհետև անձնագրային որոշակի գործառույթները պետք է հասկանանք։ Կապանի օդանավակայանը մեծ հաշվով պատրաստ է թռիչքներն ընդունելու։ Եվ մեր նպատակն է այս ամենը ավարտելուց հետո գնալ նրան, որ ունենանք կանոնավոր փոխադրումներ»,– ասաց Սանոսյանը։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ