Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ամենակարեւոր խնդիրներից մեկը ԶԼՄ-ների սեփականության թափանցիկությունն է եւ ֆինանսավորման աղբյուրները». Աշոտ Մելիքյան

Ապրիլ 27,2023 16:35

«Այնքան խնդիրներ են կուտակվել ԶԼՄ-ների գործունեության, ինչպես նաեւ առհասարակ տեղեկատվական ոլորտում: Դրանք մեր մի շարք հանդիպումների ընթացքում քննարկման առարկա են դարձել: Նեղ շրջանակով փորձում էինք պատկերացում կազմել, թե ինչպես կարելի է լուծել այն խնդիրների շարքը, որոնք մենք ձեւակերպեցինք ԶԼՄ-ներին վերաբերող օրենսդրությունը բարեփոխելու հայեցակարգը մշակելիս»,- ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ «Մեդիա օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտությունը եւ խնդիրների հնարավոր լուծումները» թեմայով քննարկման ժամանակ։

Աշոտ Մելիքյան

Նա ընդգծեց, որ հատկապես վերջին այս մեկ տարվա ընթացքում արդեն պատկերացում ունեն, թե որ ուղղությամբ պետք է աշխատել, եւ որոնք են հիմնական խնդիրները, որոնք, նրա խոսքով, առայժմ 12-ն են, թեեւ քննարկումների ընթացքում կարող են ավելանալ կամ պակասել. «Բայց անկյունաքարային խնդիրները հստակ են, եւ դրանք իսկապես կարող են հիմք դառնալ, որպեսզի մնացած խնդիրները ձեւակերպվեն, քննարկվեն եւ դրանց վերաբերյալ լուծումներ առաջարկվեն»:

Աշոտ Մելիքյանն անդրադարձավ իր ձեւակերպմամբ՝ ամենակարեւոր խնդիրներից մեկին՝ ԶԼՄ-ների սեփականության թափանցիկությանը եւ ֆինանսավորման աղբյուրներին. «Կարծում եմ, որ մեր այս քննարկման արդյունքում կկարողանանք ավելի լավ կողմնորոշվել, թե ինչ պատկերացումներ կան այս առումով մեր գործընկերների մոտ, որքանով են մեր առաջարկներն ընդունելի, հասկանալի եւ կիրառելի նրանց համար, իրենք ինչ լուծումներ են պատկերացնում»:

Սիսակ Գաբրիելյան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւս փաստեց, որ հիմնական անելիքները նախանշել են 12 ուղղություններով: «Մեր վերջին հանդիպումն այն մասին էր, թե ովքեր պետք է ինքնակարգավորվեն, ինչպես պետք է ինքնակարգավորվեն եւ ինչ նպատակի շուրջ: Ինքնակարգավորման վերաբերյալ մեր վերջին 4-5 հանդիպումները բերել են մի ընդհանուր գաղափարի, ցավոք չեմ կարող ասել, որ լուծումներն էլ ամբողջական են, եւ օրենսդիր, գործադիր մարմինները, քաղհասարակություն իրագործման մեխանիզմների շուրջ լավագույն տարբերակը գտել են, բայց մի բան հստակ է, որ եթե պետք է լինի ինքնակարգավորման մեխանիզմ, ապա շահառուները, կազմակերպիչները պետք է լինեն եւ ոլորտում ներգրաված լինեն բացառապես տվյալ ոլորտի ներկայացուցիչները՝ լրագրողները, լրատվամիջոցների ներկայացուցիչները, իսկ պետության դերակատարում, ազդեցություն չպետք է լինի»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Հավելենք, որ ի թիվս այլնի՝ «Մեդիա օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտությունը և խնդիրների հնարավոր լուծումները» թեմայով կլոր սեղանի ժամանակ քննարկվեցին մեդիա օրենսդրության բարեփոխումների մշակվող հայեցակարգի մի քանի առանցքային ուղղություններ, մասնավորապես՝ ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի զարգացման հեռանկարները և դրա կապը օրենսդրության հետ, «լրատվամիջոց» և «լրագրող» հասկացությունների նոր սահմանումների անհրաժեշտությունը, պետության աջակցության հնարավորությունները ԶԼՄ-ներին, դրանց ինքնակարգավորման համակարգի արդյունավետության բարձրացմանը։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930