Երևան քաղաքի բնակիչ Ա.Բ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը 2020 թվականի նոյեմբերի 10-ին դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, տեղեկանալով, որ ՀՀ կառավարության շենքի մոտ կատարվում են զանգվածային անկարգություններ, միացել է զանգվածային անկարգությունների մասնակիցներին, հաղթահարելով ոստիկանական պատնեշը, մասնակցել է Կառավարության շենքի մուտքի դուռը վնասելուն և շենք մուտք գործելուն ուղղված այլ անձանց գործողություններին:
Մասնավորապես՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Ա.Բ.-ն ոտքով հարվածել է Կառավարության շենքի մուտքի դռանը, աջ ձեռքի արմունկով երկու և ավելի անգամ հարվածել է նաև դռան ապակուն, ապա իր և մյուսների կողմից վնասված ՀՀ կառավարության շենքի մուտքի դռան պատուհանով մուտք է գործել շենք, զանգվածային անկարգությունների արդյունքում ջարդվել են կառավարության անդամների և աշխատակազմի մի շարք աշխատասենյակների դռները, առանձնապես խոշոր չափերով վնասվել կամ ոչնչացվել է պետական և մասնավոր գույք:
Այնուհետև, Ա.Բ.-ն գնացել է Կ.Դեմիրճյան փողոց և, միանալով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, փորձել է բռնություն գործադրել ԱԺ նախագահ Ա.Մ.-ի նկատմամբ, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով, չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը:
Ա.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից գույք վնասելը) և 34-225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելու փորձը) նախատեսված հանցանքներ կատարելու համար: Ա.Բ.-ի նկատմամբ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Կարդացեք նաև
2023 թվականի ապրիլի 26-ին հսկող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ