Ես կաշկանդված եմ մի բանով՝ իրավունքով և մարդկային արժեքներով։ Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ինքը քաղաքական պատճառներով կաշկանդված է։
Նրա ձևակերպմամբ, Մարդու իրավունքների պաշտպանը ոչ թե ստատուս գրող և օրվա իրադարձությունների մասին հայտարարություն անող սուբյեկտ է, այլ կոնկրետ իրավունքների խախտումների առկայությունը կամ բացակայությունն արձանագրող։
«Կոնկրետ գործերի հետ կապված գնահատականներ տալը ենթադրում է դրան նախորդող օրենքով սահմանված գործընթացներ։ Օրենքն է արգելում իրավունքի խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ որեւէ գնահատական տալ, քանի դեռ այդ պրոցեսները չեն եղել։ Եթե կան անհատական գործեր, որոնք մեր մանդատի շրջանակում են, վստահաբար գնահատականներ լինելու են, սակայն այս գործընթացներն անցնելուց հետո»,- նշեց Մանասյանը։
Լրագրողի այն դիտարկմանը, թե ստացվում է, որ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «ստատուս գրո՞ղ է» Մանասյանը ժխտեց. «Ես, բնականաբար, ոչ պարոն Թաթոյանին, ոչ էլ այլ պաշտպանի մասին գնահատական չեմ տվել։ Ես նշեցի իմ գործունեության հիմնական սկզբունքները»։
Կարդացեք նաև
Անահիտ Մանասյանը հավաստիացրեց, որ քաղաքացին, որին աշխատանքից ազատել են Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանելու համար կարող է դիմել պաշտպանի գրասենյակ, ինչից հետո քննություն կսկսվի։
«Բնականաբար, խոսքի ազատության իրավունքը կարևորագույններից է, սակայն անսահմանափակ չէ։ Խոսքի ազատության իրավունքը կարող է սահմանափակվել։ Թեպետ մեզ անհատապես չի դիմել քաղաքացին, բայց մենք կփորձենք դեպքը պահել ուշադրության կենտրոնում։ Մեր տեղեկություններով՝ բերման ենթարկելու հիմքը խոսքի ազատության իրացումը չի եղել»,- ասաց Մանասյանը։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ