Հայ-ադրբեջանական հարցում կարգավորման հասնելու միակ ճանապարհը խաղաղության բանակցություններն են, և խնդիրը պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում, ոչ թե առանձին- առանձին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան Բաքվում Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:
«Այս հարցը լուծելու միակ ճանապարհը խաղաղության բանակցություններն են: Մենք կցանկանայինք, որ երկու կողմերն էլ դրան հակված լինեն: Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի նախաձեռնությունը՝ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը»,- ասել է Կոլոնան:
Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է կանխել բախումները երկու կողմերի միջև և ընդգծել, որ Փարիզը կխրախուսի խաղաղության բանակցությունները բոլոր հարթակներում:
Ֆրանսիայի արտգործնախարարը նաև կոչ է արել Բաքվին ու Երևանին խաղաղության հասնելու համար հրաժարվել պատերազմական հռետորաբանությունից:
Կարդացեք նաև
«Այս բոլոր հարցերը պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում, չի կարելի դրանք դիտարկել առանձին-առանձին: Ես հույս ունեմ շուտով նորություն լսել հարաբերությունների կարգավորման մասին»,- ասել է Կոլոնան:
Նա նաև հրավիրել է Բայրամովին այցելել Ֆրանսիա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ