ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ի՞նչի հանգեցրեց Արցախի հարցում նշաձողի իջեցումը
Մեկ տարի է անցել Նիկոլ Փաշինյանի՝ 2022 թ. ապրիլի 13–ին, ԱԺ–ում արված հետևյալ հայտարարությունից.
«Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»:
Փաշինյանը նշել էր, որ իր կառավարության մոտեցումն այս հարցին այժմ փոխվել է՝ եթե մինչ այդ կարևորվում էր նախ կարգավիճակը, և անվտանգությունը կապվում էր դրա հետ, ապա այժմ առաջին պլան է մղվում Արցախի անվտանգության և ժողովրդի իրավունքների հարցը, ինչից էլ պետք է բխի կարգավիճակը:
Կարդացեք նաև
Այս չարաբաստիկ հայտարարությունից հետո ՀՀ իշխանությունները այլևս որևէ խոսք չէին ասում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Այսինքն՝ Ալիևին ցույց տվեցին, որ ագրեսիայի ու պատերազմի արդյունքում պատրաստ են հրաժարվել մեր ժողովրդի ու պետության համար կենսական իրավունքներից:
Մեկ տարվա ընթացքում մենք ոչ միայն նորանոր սադրանքներ ունեցանք Արցախի նկատմամբ, այլ ունեցանք լայնամասշտաբ ագրեսիայի ՀՀ–ի դեմ Ադրբեջանի կողմից: Անցած տարվա սեպտեմբեր ամսին ունեցանք և՛ տարածքային, և՛ մարդկային հսկայական կորուստներ: Բայց չգիտես ինչու խոստացված բացառիկ միջազգային կոնսոլիդացիան միայն արտահայտվեց հայտարարությունների ու կոչերի տեսքով, որոնք Ադրբեջանը արհամարհում է: Արդյունքում՝ կորսված կյանքեր ու օկուպացված տարածքներ, ուրիշ ոչինչ:
Արցախի հարցում նշաձողի իջեցումից մեկ տարի անց մենք ունենք փակված Լաչինի միջանցք, Արցախի մեր հայրենակիցներին ընդամենը մինիմալ քանակի սնունդ է հասնում ռուս խաղաղապահների ու Կարմիր Խաչի միջոցով: 120,000 մարդ, նրանցից 30,000 երեխա փաստացի գերության մեջ է՝ էթնիկ զտման կամ տեղահանման լուրջ սպառնալիքի տակ:
Ո՞ւր է խոստացված բացառիկ միջազգային կոնսոլիդացիան: Իհարկե չկա ու չի լինի, քանի որ չի լինում կոնսոլիդացիայի այն պետությունների շուրջ, որոնց ղեկավարները հրաժարվում են սպասարկել իրենց երկրի ու քաղաքացիների կենսական շահերը, ագրեսիայի ու ճնշման ներքո հրաժարվում են ամենակարևոր անվտանգային հարցերից, չունեն կարմիր գծեր և տեսլական, հակասական են ու անկայուն: Ընդհանրապես թույլերին չեն օգնում, օգնում են պայքարողներին:
Նշաձողի իջեցմամբ Փաշինյանը ոչ միայն հրաժարվեց իր իսկ նախընտրական ծրագրից ու կառավարության ծրագրից, որտեղ ամրագրված էր, որ պայքարելու են Արցախի ինքնորոշման իրավունքի համար, այլև շատ ավելի խոցելի դարձրեց ՀՀ–ն, իսկ Արցախն ուղղակի դրեց գոյութենական վտանգի տակ:
Բայց սրա համար նա ու իր քաղաքական թիմը դեռևս որևէ պատասխանատվություն չեն կրում, հակառակը շարունակում են սխալվելու ու երկիրը նոր փորձությունների տանելու իրենց քաղաքականությունը: