Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջնային պատասխանատուն մենք ենք. ԱԱԾ-ի պահեստազորի սպաների միություն

Ապրիլ 27,2023 15:17

Պատասխանատվության բեռը չի կարելի դնել միայն Ռուսաստանի վրա

ԱԱԾ-ի պահեստազորի սպաների միությունն իր խորը մտահոգությունն է հայտնում օրերս Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետի փաստի կապակցությամբ։ Դա 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության մեջ առկա կետերի հերթական կոպիտ խախտումն է Ադրբեջանի կողմից։ Պաշտոնական Բաքվի այս քայլը 2022 թվականի դեկտեմբերի 12–ից իրականացվող Արցախի շրջափակման համատեքստում է և բերում է իրավիճակի լարվածության աճին։

Կարևորելով ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում՝ ակնկալում ենք, որ նոյեմբերի 9–ի հայտարարության շրջանակներում նրանք ի վերջո կապաշրջափակեն Արցախն ու նորմալ կենսագործունեության պայմաններ կապահովեն մեր 120 հազար հայրենակիցների համար։

Այնուամենայնիվ չի կարելի ստեղծված իրավիճակում քաշվել մի կողմ և ողջ պատասխանատվությունը, բեռը թողնել Ռուսաստանի վրա` Արցախը մեր հայրենիքն է, նրա ճակատագրի առաջնային պատասխանատուն մենք ենք:

Միևնույն ժամանակ ուզում ենք արձանագրել, որ մեզ համար անընդունելի են ՀՀ իշխանությունների տեսակետները Ղարաբաղյան հակամարտության ու հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Արցախի անվտանգությունը և արցախահայության իրավունքները չեն կարող պահպանվել Ադրբեջանի ենթակայության ներքո։

ՀՀ իշխանությունները նախընտրական ծրագրով ներկայացրել են Արցախն Ադրբեջանի կազմում չտեսնելու քաղաքականություն, սակայն ներկայումս անում են ճիշտ հակառակը, ինչն էլ Ադրբեջանին հնարավորություն է տալիս գնալ ապօրինությունների և միաժամանակ հնարավորություն չի տալիս ռուսական կողմին կատարել արբիտրի ֆունկցիա։

«Ամեն գնով խաղաղության հասնելու» ՀՀ իշխանությունների քաղաքականությունն իրականում բերում է մարդկային ու տարածքային նոր կորուստներ, մեծացնում պատերազմի հավանականությունը։

Ելքը Հայաստանի ու Արցախի ապագայով մտահոգ բոլոր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, հանրային դեմքերի կողմից կուսակցական, խմբային, հատվածական շահերը մի կողմ դնելն է, հասարական-քաղաքացիական ժողովրդական մեծ շարժում ստեղծելը և միասնաբար պայքարելը ՀՀ ներքին ու արտաքին քաղաքական սպառնալիքները վերացնելու համար։

ԱԱԾ-ի պահեստազորի սպաների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930