Երևանի «Ռուսական գրքի տունը» կազմակերպում է «Հայաստանի առաջնորդներ» երիտասարդական մրցույթը, որի նպատակն է բացահայտել ու աջակցել Հայաստանի ապագա առաջնորդներին և կառավարիչներին տարբեր ոլորտներում։ Յուրաքանչյուր անվանակարգում հաղթող մասնակցին շնորհվում է դրամական մրցանակ, իսկ բացառիկ հմտություններ եւ կարողություններ ցուցաբերած մասնակցին կարող է տրամադրվել կրթաթոշակ՝ Հայաստանի և Ռուսաստանի լավագույն բուհերի կառավարման գծով մագիստրատուրայում սովորելու, կամ կտրամադրվի աջակցություն գործող/նոր ստեղծվող բիզնեսի զարգացման համար։
Թե ինչպես կարելի է դառնալ մրցույթի մասնակից եւ ապագա ծրագրերի մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում ներկայացրել է «Ռուսական գրքի տուն» ՀԿ-ի տնօրեն Ստեփան Կիրակոսյանը (լուսանկարում)։
Նա նախ նշեց, որ «Ռուսական գրքի տունը» հասարակական, մշակութային և կրթամշակութային կենտրոն է, սոցիալական, մշակութային և կրթական միջոցառումների հարթակ։ Այն բացվել է 2021 թ․ սեպտեմբերին՝ «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի» նախաձեռնությամբ եւ «Messier group» ընկերությունների տնօրենների խորհրդի նախագահ Մհեր Ավետիսյանի ջանքերով։
«Մեր նպատակն է տարածել ռուսաց լեզուն, տարածել սեր ընթերցանության եւ գրքի հանդեպ: Բացի նրանից, որ մեզ մոտ գործում է գրադարան եւ գրախանութ, «Ռուսական գրքի տունը» մի միջավայր է, որտեղ մարդիկ կարող են կարդալ, ծանոթանալ գրքերին, նաեւ գնել», -ասաց Ստեփան Կիրակոսյանը: Հավելեց, որ իրենց հարկի ներքո մարդիկ կարող են ծանոթանալ ռուսալեզու գրականությանը՝ ներառյալ համաշխարհային գրականությանը:
Նա նշեց, որ պարբերաբար կրթամշակութային ուղղվածության միջոցառումներ են իրականացրել, ինչպես օրինակ 2021-ին «Մտածող սերունդը», որի շրջանակում դպրոցականները պետք է սոցցանցերի միջոցով ֆանտաստիկ թեմայով որեւէ պատմություն, տեսահոլովակ ներկայացնեին: Հավելեց, որ ունեցել են 1200 մասնակից, հաղթողները ստացել են մրցանակներ, իսկ լավագույն 10 հաղթողները այցելել են Մոսկվա, ծանոթացել թանգարաններին, թատերական ներկայացումներ դիտել Մոսկվայում: Նախորդ տարի էլ Սյունիքի մարզում Լեւ Տոլստոյին նվիրված միջոցառում են իրականացրել՝ դարձյալ դպրոցականների համար: Երեխաները Լեւ Տոլստոյի ստեղծագործությունների հիման վրա կառուցված գրախոսություն, շարադրություն են ներկայացրել, իրենց տպավորությունները փոխանցել նկարելու միջոցով: Դրանից հետո «Ռուսական գրքի տունը» ստացել է բավականին լավ արձագանքներ, մարդիկ հետաքրքրվել են՝ ինչու միայն Սյունիքի մարզում:
«Որոշեցին հայտարարել համահայկական մրցույթ: Դա ստեղծագործական թարգմանության մրցույթ է: Ընտրվել են հայ եւ ռուս գրողներ՝ Վիլյամ Սարոյանն ու Անտոն Չեխովը: Այդ հեղինակներից 7-12-րդ դասարանների աշակերտները ընտրում են որեւէ ստեղծագործություն եւ մեկ տպագրական էջի չափով կատարում են թարգմանություն՝ Չեխովի դեպքում ռուսերենից հայերեն, Սարոյանի դեպքում՝ հայերենից ռուսերեն:
Նախատեսում ենք ունենալ 22 հաղթող՝ բոլոր մարզերից: Առաջին փուլի հաղթողները կստանան 100 հազարական դրամ մրցանակ: Երկրորդ փուլում հանձնարարությունը կբարդանա, երեխաները պետք է ներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում իրենց ընտրած հերոսին 100 տարի անց:
Երկրորդ փուլի հաղթողը կստանա մեկ միլիոն դրամ: Հանձնաժողովի որոշմամբ՝ հաղթող դպրոցականի դպրոցը եւս կպարգեւատրվի. ըստ խնդիրների առաջնահերթության՝ դպրոցի համար կկատարվի որեւէ վերանորոգման աշխատանք կկահավորվի գրադարանը, որեւէ դասասենյակ եւ այլն»,-ասաց «Ռուսական գրքի տուն» ՀԿ-ի տնօրեն Ստեփան Կիրակոսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Sputnik Արմենիայի ֆեյսբուքյան էջից