Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է «Նեմեսիս» գործողությունը կազմակերպած և այն իրականացրած հերոսներին նվիրված աղբյուր-հուշակոթողի տեղադրումը Երևանում։ Հուշարձանի բացմանը ներկա են եղել հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ, հետաքրքրասերներ ու վրիժառուների սերունդները:
Արտգործնախարարության կողմից տարածվել է հայտարարություն, որտեղ մասնավորապես նշվել է.
«Խստորեն դատապարտում ենք Երևանում «Նեմեսիս» հուշարձանի բացումը, որը նվիրված է 1920-ական թթ․ սկզբին օսմանյան քաղաքական և ռազմական ղեկավարության, ինչպես նաև ժամանակաշրջանի ադրբեջանցի պաշտոնյաների և անգամ որոշ հայկական ծագումով օսմանցի քաղաքացիների դեմ իրականացված սպանությունները կատարողներին»։
Թուրքիայի ԱԳՆ-ն, հայ վրիժառուների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրումը որակել է որպես սադրիչ գործողություն.
Կարդացեք նաև
«Նման սադրիչ քայլերը, որոնք չեն համապատասխանում Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի ոգուն, որևէ կերպ նպաստ չեն բերելու տարածաշրջանում մնայուն և շարունակական խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերին, ճիշտ հակառակը՝ բացասաբար են ազդելու կարգավորման գործընթացի վրա»։
Հուշակոթողի տեղադրման միջնորդությունը ներկայացրել էին Հայոց ցեղասպանության պարագլուխներին ոչնչացրած հայ վրիժառուների ժառանգները:
Հիշեցնենք, որ հունական դիցարանի վրեժխնդրության աստվածուհու «Նեմեսիս» անունով կոչված գաղտնի գործողությունը նպատակ ուներ պատժելու 1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրք պարագլուխներին, 1918թ. Բաքվի հայկական ջարդերի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին: