Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ուզում եմ, որ մեր ադրբեջանցի գործընկերները հասկանան, որ աշխարհը չի մոռացել այս անընդունելի շրջափակումը, որը հակասում է հրադադարի պայմաններին»․ ԵԽԽՎ պատվիրակ

Ապրիլ 27,2023 14:21

Արդեն տեղեկացրել ենք, որ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը» թեմայով զեկույցի քննարկման ժամանակ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում լուրջ քննադատության ենթարկվեցին Թուրքիան և Ադրբեջանը։

Զեկույցի հեղինակ, Կիպրոսը ներկայացնող պատվիրակ Կոստանտինոս Էֆստատիուն հայտարարեց․ «2022-ի նոյեմբերին այցելել եմ երկու երկիր՝ Ադրբեջան և Ռումինիա, որոնք Հունգարիայի, Թուրքիայի և Ուկրաինայի հետ միասին ունեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ամենամեծ թվով չկատարված վճիռներ»։

Եվրոպական միասնական ձախերի խմբի խոսնակ, իսպանացի պատվիրակ Լաուրա Կաստելը մտահոգություն հայտնեց Թուրքիայում վերջին օրերին զարգացումների մասին․ «Երեկ առավոտյան մենք արթնացանք Ամեդում թուրքական կառավարության կողմից ընտրությունների վրա ազդելու նպատակով զանգվածային ձերբակալությունների մասին լուրերից։ Ձերբակալվածների թվում կան փաստաբաններ, լրագրողներ, «Կանաչների ձախ» կուսակցության շտաբի ղեկավարներ և այլն՝ շուրջ 110 ձերբակալվածներ։ Սա տագնապալի խնդիր է, որը սերտորեն կապված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հետ։ Զեկույցը հիշեցնում է մեզ շատ հայտնի դեպքեր, երբ պարոն Օսման Քավալան և Սելահաթթին Դեմիրթաշը բանտում սպասում են դատարանի վճռի կատարմանը»:

Արուսյակ Ջուլհակյան

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը հայտարարեց․ «Վերջին տասը տարիների ընթացքում ԵԽ անդամ Ադրբեջանը չի իրագործել ՄԻԵԴ-ի վճիռների մոտ 80 տոկոսը։ Այս երկիրը չկատարված վճիռների թվով առաջատար է ԵԽ անդամ երկրների շարքում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեցտարի աճում է Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ վճիռների չկատարման դեպքերի թիվը։ Սա բացահայտ արհամարհանք է մարդու իրավունքների նկատմամբ։ Այս երկիրն արհամարհում է ոչ միայն ՄԻԵԴ-ի վճիռները, այլև միջազգային դատարանի։ Օրինակ՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը, որով պարտավորեցնում է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները ապահովելու Լաչինի միջանցքի երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը, ևս չի կատարվել Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը շարունակում է շրջափակված պահել Լեռնային Ղարաբաղի 120000 բնակիչների համար կյանքի ճանապարհ համարվող Լաչինի միջանցքը։ Մենք չենք կարող արհամարհվել եվրոպական դատարանի վճիռների չկատարման ամոթալի վիճակագրությունը։ Երբ ես ասում եմ ամոթալի, ես նկատի ունեմ Եվրոպայի խորհրդին, որովհետև դա ցույց է տալիս, որ կազմակերպությունը պետք է համարժեք գործողություններ իրականացնի՝ կիրառման նոր մեխանիզմներ ներդնելով, կամ պատժամիջոցների մասին մտածելով, ներառյալ այն պետությունների անդամակցության կասեցումը, որոնք զրոյական ջանքեր են գործադրում անդամակցության պայմաններին համապատասխանելու համար, տվյալ դեպքում՝ մարդու իրավունքների հարգումը»։

Վլադիմիր Վարդանյան

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը մտահոգություն հայտնեց, որ Նախարարների կոմիտեն չի ցանկանում ներգրավվել այս գործընթացներում, որովհետև դա նրա համար «լրացուցիչ գլխացավ է»։

Այնուհետև շարունակեց․ «Կարևոր է միայն մեկ գործ չվկայակոչելը։ Պարոն Քրիստոֆեր Շոպ, Դուք նշեցիք Օսման Կավալայի գործը, որը շատ կարևոր է, բայց Դուք նաև պետք է նշեք այլ գործեր։ Մի քանի օր առաջ Արդարադատության միջազգային դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունեցին միջանկյալ միջոցներ՝ մտահոգություն հայտնելով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին և Ադրբեջանին պարտադրեցին անմիջապես վերաբացել Լաչինի միջանցքը։ Որևէ արձագանք ունե՞նք։ Մենք չունենք լիարժեք արձագանք։ Քաղաքական գործիչների անգործությունը կխաթարի միջազգային դատական ​​համակարգի գոյությունը: Առանց միջազգային դատական ​​համակարգի մենք չենք կարող առաջ գնալ, քանի որ մեր կազմակերպությունը ստեղծված է մարդու իրավունքների պաշտպանության համար։ Դա այս կազմակերպության հավելյալ արժեքներից մեկն է: Եթե ​​մենք շարունակենք ունենալ այնպիսի իրավիճակ, երբ մի քանի երկրների թույլ տրվի չկատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները, չհետևել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից նշված միջանկյալ միջոցներին, դա կլինի վերջը այս հարգված կազմակերպության համար, որը բավականին կարևոր է մեզանից յուրաքանչյուրի և մեր երկրների ժողովուրդների համար»։

Կանադացի պատվիրակ Ստեֆան Բերգերոնը ևս հիշեցրեց, որ Ադրբեջանը չի կատարել Եվրոպական դատարանի որոշումը և ասաց․ «Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ես միջնորդություն եմ ներկայացրել, որն ընդունվել է միաձայն՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին վերաբացել միջանցքը և, մեջբերում եմ, «ապահովել տեղաշարժի ազատությունը՝ խուսափելու հումանիտար իրավիճակի վատթարացումից՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում շարունակվող և ավելացող լուրջ ճգնաժամը։ Ես ցանկանում եմ, որ մեր ադրբեջանցի գործընկերները հասկանան, որ աշխարհը չի մոռացել այս անընդունելի շրջափակումը, որը հակասում է հրադադարի պայմաններին, որն իրենց երկիրը, այնուամենայնիվ, ընդունել է։ Եզրափակելով զեկուցող պարոն Կոնստանտինոս Էֆստատիուն զեկույցում ընդգծում է այն փաստը, որ «Ադրբեջանի կողմից կատարման սպասող՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործերի մի զգալի մասը վերաբերում է այս հակամարտության հետեւանքներին։ Ուստի ես միանում եմ զեկուցողին՝ կոչ անելով Ադրբեջանին կատարել դատարանի այս վճիռները, որոնք, ինչպես նա նշում է, «ժողովրդավարության և օրենքի գերակայության խնդիր են լուծում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930