«Իմ տպավորությամբ Ազգային Ժողովում կառավարության կատարողականի ժամանակ, պետական պարտքի հատվածին այդքան էլ լավ չանդրադարձանք, ես հիշում եմ ֆինանսների նախարարության հաշվետվության ժամանակ մենք բավականին լայն քննարկում ունեցանք, քանի որ մեզ էլ էր հետաքրքրում պետական պարտք-ՀՆԱ նվազեցումը կապված փոխարժեքի հետ, ինչքանով է կապված պետական պարտքի կառավարման նոր գործիքների և նոր հարաբերակցության ներդրման հետ»,-այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը և պարզաբանումների համար դիմեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:
«Պետական պարտքի մեջ մենք դրամային պարտքի մասնաբաժինը ավելացրել ենք և այն կազմում է ընդհանուր պարտքի 40 տոկոսը, այդ ցուցանիշը նախկինում, եթե չեմ սխալվում 28 տոկոս է եղել: Դա մասամբ պայմանավորված է նաև դրամի արժեւորմամբ: Եթե խոսենք պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազման մասին, ապա դրա մի մասը պայմանավորված է դրամի արժևորմամբ, որովհետեւ մեր պարտքի զգալի մասը արտարժույթով է, իսկ մյուս մասը պայմանավորված է առաջանցիկ տնտեսական աճի տեմպերով: Մյուս կողմից նաև բյուջեի պակասուրդը ավելի ցածր է եղել մեր ծրագրվածի նկատմամբ, սա նույնպես ունեցել է իր ազդեցությունը: Հիմա մենք աշխատում ենք պարտքի միջնաժամկետ ռազմավարության վրա, որտեղ կներկայացնենք, թե առաջիկա տարիներին ինչպես ենք պլանավորում կառավարել պարտքը եւ ինչպես ենք պատրաստվում առաջ գնալ՝ նվազեցնելով այն հիմնական ռիսկերը, որոնք առկա են»,-նշեց Հովհաննիսյանը:
Նիկոլ Փաշինյանը խնդրեց բյուջեի կատարողականի հաշվետվության խորհրդարանական քննարկումներին ընդառաջ այս թեմայի վրա ավելի շատ կենտրոնանալ «որովհետև հանրության համար հետաքրքիր և զգայուն թեմա է, մարդիկ ասում են՝ վայ, 10 մլրդ դոլարից ավելի պարտք ունենք, բայց մենք պետք է մեր քաղաքացիներին ի ցույց դնենք, որ մեր ՀՆԱ-ի համեմատ մենք շատ թեթև պարտք ունենք: Ըստ էության, ՀՆԱ-ի 46 տոկոսով Հայաստանը համարվում է վերստին թեթև պարտքային բեռ ունեցող երկիր»,-ասաց Փաշինյանը:
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ