Լրահոս
Օրվա լրահոսը

Մրսածությու՞ն, թե՞ կաթված. ի՞նչ է հայտնի Էրդողանի առողջական վիճակի մասին

Ապրիլ 27,2023 13:14

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն իրեն վատ է զգացել ուղիղ եթերի ժամանակ, որից հետո ժամանակավորապես հետաձգվել են 69-ամյա նախագահի բոլոր նախընտրական միջոցառումները: RTVI-ն ամփոփել է Թուրքիայի առողջական վիճակի մասին բոլոր փաստերը և սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները:

 

Տկարություն ուղիղ եթերում

Էրդողանն իրեն վատ է զգացել ապրիլի 25-ի երեկոյան՝ ընտրություններին նվիրված ուղիղ եթերի ժամանակ: Նախ, ուղիղ եթերը սկսվել է նախատեսված ժամանակից մեկուկես ժամ ուշացումով, և Ülke TV հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Հասան Օզթյուրքի հարցից հետո ընդհատվել է գովազդով:

20 րոպեից Էրդողանը կրկին եթեր է վերադարձել, հեռուստադիտողներից ներողություն խնդրել և հայտնել, որ «ստամոքսի սուր մրսածություն» ունի: Նրա խոսքով՝ այդ պատճառով «ստամոքսի սուր ցավ է զգացել»:

«Ես անգամ մտածում էի հետաձգել եթերը, բայց խոստացել էինք և եկանք»,- ասել է նա:

Էրդողանը շարունակել է հարցազրույցը, բայց այն շարունակվել է միայն մի քանի րոպե:

Միջադեպից հետո թուրքական հեռուստաալիքները և լրատվամիջոցները հայտնեցին, որ Էրդողանի մոտ ստամոքսային մրսածություն է: Նրա մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընն էլ հայտնեց, որ պետության ղեկավարի առողջական վիճակը լավ է:

A Haber-ը պնդում է, որ Էրդողանի առողջական վիճակը «ծանր չէ»:

«Մեր նախագահի առողջական վիճակը շատ լավ է … Նրա մոտ թեթև մրսածություն է եղել»,- ասել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը:

 

Կաթվածի մասին տեղեկություններ

Ապրիլի 26-ին սոցցանցերում լուրեր տարածվեցին, թե Թուրքիայի նախագահի մոտ խնդիրներ կան սրտի հետ: Ըստ այդ պնդումների՝ Էրդողանը սրտի կաթվածով ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց, նրա կնոջը և ընտանիքի անդամներին իբր խնդրել են գալ հիվանդանոց:

Էրդողանի՝ կաթված ստանալու մասին տեղեկություն հայտնել է նաև AVAZTÜRK-ը: Ըստ պարբերականի՝ Թուրքիայի նախագահի վիճակը գնահատվում է ծանր:

Cumhuriyet թերթը, վկայակոչելով «Փոփոխությունների կուսակցության» նախագահ Մուստաֆա Սարըգյուլին, գրել է, որ ընտրություններից երկու շաբաթ առաջ Էրդողանի մոտ «սրտի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել»:

Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը չի հաստատել կաթվածի մասին տեղեկությունը:

 

Նախընտրական միջոցառումների հետաձգում

Ապրիլի 26-ին Էրդողանը հայտնել է, որ բժիշկների խորհրդով մեկ օր կանցկացնի տանը: Նա միջադեպն անվանել է «ոչ մեծ անհարմարություն լարված գրաֆիկի պատճառով»: Էրդողանը հավելել է, որ չորեքշաբթի մի քանի քաղաքներում նախատեսված նախընտրական միջոցառումներում իրեն կփոխարինի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը:

Էրդողանը նաև հետաձգել է ապրիլի 27-ին նախատեսված հարցազրույցը, որը պետք է հեռարձակվեր 4 հեռուստաալիքներով: Բացի այդ, Թուրքիայի նախագահը հրաժարվել է Մերսինում նախընտրական հանրահավաքի անցկացումից: Նրա «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Էրքան Քանդեմիրը Twitter-ում հայտնել է, որ այն «նախատեսվում է անցկացնել ավելի ուշ»:

Նույն գրառման մեջ Քանդեմիրը հայտնել է, որ Էրդողանը տեսակապի միջոցով կմասնակցի թուրքական առաջին «Աքքույու» ատոմակայանի (ռուս-թուրքական համատեղ նախագիծ) առաջին էներգաբլոկի միջուկային վառելիքի լիցքավորման արարողությանը: Նախկինում նախատեսվում էր, որ Էրդողանն անձամբ կմասնակցի այդ միջոցառմանը: Կրեմլից հայտնել են, որ միջոցառմանը կմասնակցի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դարձյալ տեսակապով:

Սոցցանցերում նաև տեղեկություններ են տարածվել, թե Էրդողանը հետաձգել է մայիսի 3-ի բոլոր նախատեսված հանդիպումները: Այդ տեղեկությունը հաստատող կամ հերքող պաշտոնական տեղեկություն, սակայն, առայժմ չկա:

 

Էրդողանը գնում է հերթական ընտրություններին

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսվում են մայիսի 14-ին: Ինչպես ավելի վաղ գրել էր Bloomberg-ը, Էրդողանն անցկացնում է իր կառավարման ընթացում ամենաբարդ քարոզարշավը: Մասնավորապես, գործակալությունը պնդում է, որ գործող նախագահի համախոհները վերանայում են իրենց հավատարմությունը նրան՝ հաշվի առնելով, որ կա հավանականություն, որ Էրդողանը կարող է կորցնել ընտրողների ձայները կամ զրկվել մեծամասնությունից խորհրդարանում:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930