Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ապօրինի տեղադրված խաչքարն ապամոնտաժվել է

Ապրիլ 27,2023 13:05

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները ապամոնտաժել են Կոտայքի մարզի Կապուտան գյուղի Կապտավանք (Սբ Միանաս) վանքում ապօրինի տեղադրված խաչքարը։

Համայնքապետարանի գործակցությամբ խաչքարը կտեղադրվի նախատեսված տարածքում։

Հորդորում ենք բոլոր քաղաքացիներին, զերծ մնալ նմանօրինակ գործողություններից և խնամքով վերաբերել Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը։

Հանրապետական նշանակության հուշարձանը գտնվում է Հատիս և Գութանասար լեռների միջև ձգվող լեռնանցքի ձախակողմյան մասում` բլրի գագաթին, ծովի մակարդակից շուրջ 1800մ բարձրության վրա:

Կառուցվել է 1349թ. տեղի կապտավուն սրբատաշ բազալտից, հավանաբար, այստեղից էլ առաջացել է նրա անվանումը` «Կապույտ վանք», «Կապտավանք»: Ի տարբերություն նմանատիպ մյուս հուշարձանների` Կապտավանքը արտաքուստ աչքի է ընկնում ավելի զուսպ, պարզ լուծումներով, որտեղ հարդարանքի տարրերը հասցված են նվազագույնի:

Կապտավանքը այն սակավաթիվ հուշարձաններից է, որոնք հայ քրիստոնեական պաշտամունքային ճարտարապետության մեջ ի հայտ եկան միայն XIV դարի առաջին կեսին և մեկ կառույցի մեջ կարողացան մեկտեղել երեք նշանակության շինությունների` դամբարան-եկեղեցի-զանգակատուն:

Եկեղեցին մասամբ վնասվել էր 1679թ.` երկրաշարժի ժամանակ, իսկ 1920-80թթ. գտնվում էր կիսաքանդ վիճակում: Վերականգնման աշխատանքներն իրականացվել են 1981-83թթ. (նախագծի հեղինակ Գ. Ղաֆադարյան):

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930