Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեզավա՞կ, թե՞ անառակ որդի. «Հրապարակ»

Ապրիլ 27,2023 11:31

Հարցազրույց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հետ

– Եկեք ձեր պատասխանատվության մասին խոսենք, օրինակ, ՀՀ առաջին նախագահը կարող էր չվիժեցնել նախագահների եւ կաթողիկոսի հանդիպման ֆորմատը, եւ Փաշինյանի դեմ նոր ընդդիմադիր հարթակ կարող էր ձեւավորվել։

– Տեր-Պետրոսյանը չի ձախողել այդ ֆորմատը, ինքն առաջարկում էր շատ լուրջ լուծում։ Սեպտեմբերյան ագրեսիայից հետո, երբ Հայաստանն իսկապես անպաշտպան վիճակում էր (թեպետ այսօր էլ է նույն վիճակում), ինքն առաջարկեց, որ միակ լուծումը համազգային կոնսոլիդացիան է՝ ՀՀ երեք նախկին եւ մեկ գործող ղեկավար, որոնցից ամեն մեկը մեր հանրության մի սեգմենտի է տիրապետում, միավորվեն եւ կոնսոլիդացիան ի ցույց դնեն ե՛ւ մեր ազգին, ե՛ւ միջազգային հանրությանը: Դա միայն կուժեղացներ Հայաստանը։ Խնդիրն այն էր, որ չորսով պատասխանատվություն վերցնեն` լուծում գտնելու եւ այդ լուծումը միասնաբար իրագործելու։ Դա մերժվեց ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Իրենք ոչ թե վերկուսակցական մոտեցում դրսեւորեցին, այլ էլի ամեն ինչ ընկալեցին իշխանություն-ընդդիմություն պայքարի կոնտեքստում, ե՛ւ Քոչարյանը, ե՛ւ Փաշինյանը ծանրութեթեւ արեցին՝ դրանից իրենց դիրքերն ուժեղանո՞ւմ են, թե՞ թուլանում։ Տեր-Պետրոսյանը դա չէր առաջարկում, խոսքը գնում էր Հայաստանի փրկության մասին, ոչ թե այս կամ այն թիմի դիրքերն ուժեղանալ-թուլանալու, իրենք չկարողացան նեղ քաղաքական շահից վեր կանգնել։ Իրենք ասում էին, որ այդ ֆորմատում չպետք է լինի Նիկոլը, իսկ Նիկոլն էլ իր հերթին ասում էր՝ ես ընդհանրապես ձեզ հետ խորհրդակցելու կարիք չունեմ։ Նիկոլն այդպես վարվեց, որովհետեւ մտածում էր՝ պատասխանատվություն կիսելով, ինչ-որ չափով կիսելու է նաեւ իշխանությունը, եւ դրանից խրտնեց: Իրենց համար իշխանատենչությունն ավելի բարձր է, քան պետության փրկության ծրագիրը։

– Գուցե գաղափարական նմանությո՞ւն կա` այն առումով, որ «Արցախը տանք, հանգիստ ապրենք», «քանի Արցախը կա, սերգոները լավ չեն ապրի»։

– Դա տիպիկ քոչարյանական պրոպագանդա է։ Ինքը միշտ ստել է՝ ասելով, որ Տեր-Պետրոսյանն ուզում էր հանձնել Արցախը, ոչ մի պատմական փաստ, փաստաթուղթ չկա, որ կհիմնավորեր այդ կեղծիքը։ Միակ նախագահը, որ համաձայնել է՝ Ղարաբաղը պիտի լինի Ադրբեջանի կազմում՝ «Ընդհանուր պետության» ծրագրով, եղել է Ռոբերտ Քոչարյանը, երկրորդը պիտի դառնա գուցե Նիկոլ Փաշինյանը։ Տեր-Պետրոսյանը երբեւէ չի համաձայնել, բոլոր նման փորձերի վրա վետո է դրել։ Երբ 2007-ին Փաշինյանը միացավ Տեր-Պետրոսյանին, ասում էր՝ մենք միավորված ենք «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածով, բայց հետո ինքը դավաճանեց այդ սկզբունքին, ինքը դարձավ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից, դաշնակներից եւ «Սասնա ծռերից» ավելի ոչմիթիզական։ Ինքը միակ մարդն է, որ չի բանակցել, իրենից ավելի ոչմիթիզական չկա, մինչեւ պատերազմը լինելով պետության ղեկավար՝ իրականացրել է Դաշնակցության ծրագիրը, այդ ո՞նց է մեր հոգեզավակը, ինքը Դաշնակցության հոգեզավակն է։ Ստացվում է՝ 2007-ից մինչեւ 2012-ը մեր հոգեզավակն էր, 2012-ից մինչեւ 2018-ը՝ Միշիկի, 2018-ից մինչեւ պատերազմը՝ Դաշնակցության եւ սասնածռականների, հիմա հայտնի չէ, թե ում հոգեզավակն է․ այն ստորաքարշությունը, ինչը հիմա ինքն անում է, կարող է բացատրվել միայն Ալիեւի հոգեզավակը լինելու հանգամանքով։ Բայց իր հոգին այսքան հաճախ փոխողին կարելի՞ է հոգեզավակ համարել, թե՞ ավելի ճիշտ է անառակ որդի կոչել։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930