Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը փաստել է՝ Հայաստանում 11 000 դասալիք չկա. իրական թիվը մոտ 77 անգամ պակաս է․ «168 ժամ»

Ապրիլ 27,2023 10:48

Ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Տավուշի մարզում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմում մենք ունեցել ենք 11 000 դասալիք՝ կամավոր, զինվորական և այլն:

Այս հայտարարության առնչությամբ 168.am-ը ՀՀ գլխավոր դատախազություն ապրիլի 3-ին գրավոր հարցում էր ուղարկել՝ հետևյալ բովանդակությամբ:

  1. Քանի՞ քրեական վարույթ կա հարուցված 44-օրյա պատերազմից հետո 11 000 դասալիքների առնչությամբ:
  1. 11 000 ենթադրյալ դասալիքներից քանի՞սն են կալանավորված հարցումը ստանալու օրվա դրությամբ, քանիսի՞ նկատմամբ է կիրառված խափանման այլ միջոց:
  1. 44-օրյա պատերազմից 2.5 տարի անց քանի՞ դատավճիռ կա 11 000 դասալիքների վերաբերյալ:
  1. Եթե Աննա Հակոբյանի կողմից հնչեցված թիվն իրականությանը չի համապատասխանում, ապա պատրաստվո՞ւմ է արդյոք Դատախազությունը վարույթ հարուցել Աննա Հակոբյանի վերաբերյալ սուտ մատնության հանցակազմով:

Ապրիլի 10-ին Դատախազությունը մեզ տեղեկացրել էր՝ հարցման պատասխանի տրամադրմանն անհրաժեշտ է 30-օրյա ժամկետ:

Ապրիլի 25-ին դատախազությունը մեր հարցման պատասխանն ուղարկեց:

Ըստ այդմ՝ ՀՀ զինվորական դատախազության սպասարկման տարածքում 2020 թվականի 44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը) 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը), 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը), ինչպես նաև նշված հոդվածների հետ այլ հոդվածների համակցությամբ, հարուցվել է 1786 քրեական վարույթ՝ 10687 անձի վերաբերյալ:

Հարգելի ընթերցող, այս՝ 10.687 թիվը մտապահենք ու արձանագրենք, որ այն մոտեցված է Աննա Հակոբյանի հնչեցրած թվին՝ 11.000-ին:

Հաջորդիվ նշված էր, որ նախաքննության ընթացքում նշված քրեական վարույթների միացման արդյունքում, ներկայում նախաքննական մարմնի վարույթում գտնվող վերոնշյալ հոդվածներով քննվող քրեական վարույթների թիվը 226 է:

«2020 թվականի 44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը) 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը)՝ որպես մեղադրյալ ներգրավվել է 180 անձ, 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը)՝ 132 անձ, 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը)՝ 444 անձ»,- նշված էր ՀՀ դատախազության կողմից ուղարկված պատասխանի մեջ:

Ընդհանուր առմամբ հավաքական ենթադրյալ դասալիքների թիվը 756 է:
Այսինքն՝ սկզբից զանգվածաբար ում տեսել, դասալքության մեղադրանք են առաջադրել, միայն թե իրենցից հեռացնեն վտանգը, հետո, բնականաբար, քննության ընթացքում թիվը մաղվել է ու մնացել ընդամենը 756:

Աննա Հակոբյանին պետք էր հնչեցնել զարհուրելի թիվ հայ ժողովրդին դավաճան ու դասալիք դուրս բերելու համար, ու ինքը դա արել է:

Բայց արտառոցը նույնիսկ այն չէ, որ նախնական հարուցված 1786 քրեական վարույթից՝ 10687 անձի վերաբերյալ, հիմա մնացել է 226 վարույթ ու 756 ենթադրյալ դասալիք, այլ այն, ինչ դատախազության պատասխանում հաջորդիվ է գրված:

Մինչ այդ նշենք, որ դատախազությունից հավելել էին նաև, որ 44-օրյա պատերազմի և ռազմական դրության ժամանակ արձանագրված դեպքերով՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը) և 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) հարուցված քրեական վարույթներից մեղադրական եզրակացություններով դատարան է ուղարկվել 118 գործ՝ 143 անձի վերաբերյալ:

118 գործից 97-ը՝ 102 անձի վերաբերյալ, եղել է 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 2 գործ՝ 2 անձի վերաբերյալ՝ 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը), և 19 գործ՝ 39 անձի վերաբերյալ՝ 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը):

Իսկ հիմա՝ ուշադրություն:

«Դատարան ուղարկված 118 գործից 58 գործով՝ 64 անձի վերաբերյալ, դատաքննությունն ավարտվել է. կայացվել են դատական ակտեր, իսկ 60 գործ՝ 79 անձի վերաբերյալ, գտնվում է դատաքննության փուլում»,- գրել էին դատախազությունից:

Այսինքն՝ պատերազմից գրեթե 3 տարի անց, այս պահի դրությամբ, կա ընդամենը դատարանի վճռով հաստատված 64 դասալիք, ևս 79-ը սպասում են վճռի:

Սա նշանակում է, որ այս մեղադրանքներով որևէ տեսակի պատիժ կրող անձանց թիվը չի կարող մեծ լինել 143-ից:

Իսկ իրականում այդ թիվը 142 է, որովհետև ստորև բերված տվյալները փաստում են՝ մեկ անձ արդարացվել է:

Նշել էին նաև, որ ընդհանուր դատաքննությունն ավարտված 64 անձի վերաբերյալ 58 գործերից 1-ով 1 անձի վերաբերյալ կայացվել է արդարացման վերդիկտ, 57 գործով 63 անձի վերաբերյալ՝ մեղադրական վերդիկտ: Ինչ վերաբերում է սահմանված պատժաչափերին, ապա դրանց վերաբերյալ Դատախազությունը հաշվառում չի իրականացնում:

Գոհար ՍԱՎԶՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»
շաբաթաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930