Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արցախում ցեղասպանություն իրականացնողը մտահոգված է «Նեմեսիսով»․ «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 27,2023 11:53

Երեւանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշակոթող-աղբյուրի բացման փաստից Բաքվում ահաբեկվել են: Հարեւան երկրի արտաքին գործերի նախարարությունը շտապեց հայտարարություն տարածել՝ դատապարտելով հուշարձան-աղբյուրի բացումը: 20-րդ դարասկզբին եւ դարավերջին, ինչպես նաեւ 21-րդ դարում հայ ժողովրդի, մասնավորապես՝ արցախահայության նկատմամբ պատերազմական բազմաթիվ հանցագործություններ կատարած եւ կատարող պետության քաղաքական ղեկավարությունը «Նեմեսիս» գործողությունը որակում է «ահաբեկչական» ակտ:

Մի կողմ թողնենք փաստը, որ ժամանակին Հայոց ցեղասպանությունն ընդունել է հենց քեմալական Թուրքիայի զինվորական դատարանը եւ հեռակա կարգով մահապատժի դատապարտել ցեղասպանությունը կազմակերպած եւ իրագործած պարագլուխներին: Այստեղ էականն այն է, որ, ըստ էության, Բաքվում քաջ գիտակցում են մեր օրերում իրենց կատարած հանցագործությունները եւ մտահոգված են սեփական կաշվի համար: Լիովին օրինաչափ էր, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն իրականացնողներին եւ դա այնուհետեւ Բաքվում շարունակողների արդար դատավճիռն ի կատար ածած հայորդիների հիշատակն ու գործը հավերժացնող հուշարձանի բացումը պետք է ցավով ընդուներ հենց մեր օրերի Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը:

Բաքուն փորձում է հանիրավի մրոտել մի գործողություն, որը ողջունել են ժամանակի առաջադեմ մարդիկ եւ երկրները: Նույնիսկ Թուրքիայի մշտական դաշնակից Գերմանիայի դատարանն արդարացման վճիռ կայացրեց Թալեաթին գնդակահարած Թեհլերյանի հանդեպ, իսկ Անգլիայի կառավարությունը դեռ այն ժամանակ ձերբակալեց Մալթա աքսորված թուրք մեղսագործներին:

«Նեմեսիս» գործողության ժամանակ մահապատժի ենթարկվեց 20-րդ դարասկզբին Բաքվում հայ բնակչությանը կոտորած ադրբեջանցի պատասխանատուների ճնշող մեծամասնությունը: Այսօր հայորդիների արդար վրեժը որպես «ահաբեկչություն» է փորձում ներկայացնել մի երկիր, որը պետական մակարդակով է ահաբեկչություն իրականացնում արցախահայության նկատմամբ՝ պատերազմական ժամանակ խաղաղ բնակիչներին մորթելու հետ մեկտեղ վարելով հայրենազրկման հստակ գործողություններ: Պաշտոնական Բաքվի գործողություններն այսօր լիովին տեղավորվում են «ահաբեկչություն» ձեւակերպման բոլոր բնութագրիչների տակ:

Ցանկացած հանցագործություն, ի վերջո, ունենում է իր տրամաբանական վերջնահանգրվանը, եւ յուրաքանչյուր հանցագործ ստանում է իր արժանի պատիժը: Թերեւս, այդ բացարձակ ճշմարտության առիթով մտահոգությունն է ընկած Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության ենթատեքստում:

Նման հայտարարություն է տարածում Արցախի ժողովրդի դեմ էթնիկ զտումների գործողություններ ձեռնարկած պետությունը, իսկ հայրենազրկումը ցեղասպանությանը հավասարազոր գործողություն է միջազգային իրավունքում:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930