Լրահոս
Օրվա լրահոսը

Երաժշտությունը բարելավում է հիշողությունն ու ճանաչողական գործառույթը․ նոր հետազոտություն

Ապրիլ 27,2023 09:30

Նոր բաներ սովորելու և հիշելու մեր կարողությունները կախված են գլխուղեղի պլաստիկությունից, նոր տեղեկատվության կոդավորման և պահպանման համար նեյրոնների միջև կապերի ձևավորման ունակությունից։ Տարիքի հետ գլխուղեղի պլաստիկությունը, սովորաբար, նվազում է, ինչը դժվարացնում է սովորելու և հիշելու գործընթացը։ Դա զուգորդվում է ուղեղի գորշ նյութի կորստով (իսկ գորշ նյութը մեծ խտությամբ նեյրոններ է  պարունակում)` հանգեցնելով գլխուղեղի ատրոֆիայի ու ճանաչողական հետագա դեգեներացիայի զարգացման։

Այս խնդիրը գիտնականների ուշադրության կենտրոնում է, և նրանք փորձում են գտնել այս գործընթացը դանդաղեցնելու հնարավոր բոլոր եղանակները։ Neuroimage: Reports-ում հրապարակված նոր հետազոտությունը գլխուղեղի ու երաժշտության կապի մասին է։

Այս նոր հետազոտությամբ պարզվել է, որ երաժշտության ակտիվ վերարտադրությունն ու լսելը կարող է դանդաղեցնել գորշ նյութի կորստյան գործընթացը՝ նպաստելով ուղեղի պլաստիկության ավելացմանը։

Ժնևի համալսարանի մասնագետների կողմից անցկացված վեցամսյա հետազոտությունը հանգեցրել է գլխուղեղի 4 հատվածներում գորշ նյութի ծավալի զգալի մեծացման։ Այդ հատվածները կապված են ճանաչողական գործառույթների հետ և ներառում են ուղեղիկը։

Հիշողության տեսակը, որի վրա ամենից շատն է ազդում ուղեղի պլաստիկության կորուստը, «աշխատանքային» հիշողությունն է։ Դա հիշողության այն տեսակն է, որը թույլ է տալիս տեղեկատվությունը հնարավորինս երկար հիշել՝ գործողություններ իրականացնելու համար։ Օրինակ՝ երբ տանն ինչ-որ բան է վերջացել, և դրա մասին դուք բավականին երկար ժամանակ հիշում եք, և լրացնում եք այդ պակասը գնումների ժամանակ։

Հետազոտության ընթացքում մասնակիցների աշխատանքային հիշողությունը բարելավվել է միջինը 6%-ով։ Մասնագետները դա կապում են  ուղեղիկի ծավալի մեծացման հետ, քանի որ գլխուղեղի հենց այդ հատվածն է պատասխանատու աշխատանքային հիշողության համար։

Շաբաթական 5 օր 30 րոպե զբաղվել երաժշտությամբ

Հետազոտությանը մասնակցել են 62-78 տարեկան 132 մասնակիցներ, որոնցից ոչ մեկն իր կյանքի ընթացքում 6 ամսից ավելի երաժշտական կրթություն չի ունեցել։ Նրանք բոլորն աջլիկ են եղել, հոգեպես ու ֆիզիկապես առողջ և չեն օգտագործել լսողական սարքեր։ Մասնակիցներին  երկու տարբեր խմբի են բաժանել։

Առաջին խումբն ամեն շաբաթ դաշնամուրի մեկժամյա դասեր է ստացել և շաբաթական 5 օր պարապել այդ գործիքի վրա՝ օրական 30 րոպե։
Մյուս մասնակիցների դեպքում կիրառվել է երաժշտության վերաբերյալ իրազեկում՝ ակտիվ լսումներին զուգահեռ։ Նրանց սովորեցրել են երաժշտական հիմնական հասկացությունները՝ ներառյալ երաժշտական տարբեր գործիքների նույնականացումը։ Ներկայացվել են երաժշտական ոճերը տարբերակելու առաջադեմ մեթոդները, երաժշտության միջոցով զգացմունքներն արտահայտելու եղանակները։

6 ամիս անց բոլոր մասնակիցները ճանաչողական թեստեր են անցել։ Նրանք նաև ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա են անցել, ինչը թույլ է տվել հետազոտության մասնակիցներին հետևել գորշ նյութի փոփոխություններին։

Երաժշտությունն ու գլխուղեղը

Հետազոտության առաջատար հեղինակ դոկտոր Դեմիեն Մարին մեկնաբանում է․ «Երաժշտական գործիք նվագել սովորելը կամ ակտիվ լսումները «քրոս-մոդելային» գործողություններ են, որոնք առնչվում են ոչ միայն սերտորեն կաված զգայական-շարժիչ տիրույթներին (օրինակ՝ լսողական գործընթացը), այլ նաև տարբեր տիրույթներին, որոնք ընդգրկում են լեզուն, հիշողությունը, վերացական մտածողությունը և այլն»։ Դրանից բացի երաժշտությունն ունի «պարգևատրող ասպեկտներ, որոնք կարևոր խթան են։ Զգայական այդ ասպեկտներին նպաստում է հենց նեյրոքիմիան (օրինակ՝ դոֆամինը), որը լավացնում է սովորելու գործընթացը», – նշել է դոկտոր Մարին։

Չնայած որ նախկինում էլ էին անցկացվել հետազոտտություններ գլխուղեղի պլաստիկության ու երաժշտության կապի հետ կապված, սա առաջինն է, որի արդյունքները գնահատվում են նեյրովիզուալիզացիայի, ինչպես նաև վարքագծային ցուցանիշների օգնությամբ։
«Մենք գիտենք, որ երաժշտությամբ զբաղվելու հաճախականությունն ու տևողությունը որոշիչ դեր ունեն սովորելու համար», — ասել է դոկտոր Մարին։

Նա նաև նշել է, որ հետազոտության արդյունքները կողմնակալ չեն ու ներկայացնում են ինչպես դրական, այնպես էլ բացասական դիտարկումներ։ Օրինակ՝ հետազոտությունը ցույց է տվել, որ չնայած գորշ նյութի ծավալի որոշակի բարելավման, բոլոր մասնակիցների մոտ նկատվել է գլխուղեղի տարիքային ատրոֆիայի զարգացում։

«Այս հոդվածում մենք բացատրում ենք, որ կարող ենք դանդաղեցնել գլխուղեղի որոշ հատվածների ծերացումը երաժշտության օգնությամբ, և դա կապված է աշխատանքային հիշողության և ուղեղի պլաստիկության բարելավման հետ, սակայն մեր գլխուղեղն ինչ-որ հրաշքով չի երիտասարդանա այդպիսով։ Ատրոֆիան շարունակում է գոյություն ունենալ»,-ասել է դոկտոր Դեմիեն Մարին։

Նվագելու և լսելու տարբերությունները

Հետազոտողները դաշնամուր նվագողների խմբում նկատել են, որ մասնակիցների գլխուղեղի աջ լսողական կեղևում 6 ամիս անց գորշ նյութի նվազում տեղի չի ունեցել։ Ինչը չի կարելի ասել լսողների խմբի մասին, որի մասնակիցների գլխուղեղի գորշ նյութի քանակը նվազել է։

«Գորշ նյութի պահպանման՝ դաշնամուր նվագելու հետ կապված արդյունքը կարող է կապված լինել լսողության մարզման, աուդիո-շարժիչ կապի, օբյեկտների ասոցիացիայի (ստեղների ու նոտաներ) հետ», -ասել է դեկտոր Մարին։

Ուղեղի նեյրոպլաստիկության բարձրացման այլ ուղիները

Գիտնականները ենթադրում են, որ բազմամոդալ գործողությունները, ինչպիսին երաժշտությունն է, որոնք միաժամանակ մարզում են գլխուղեղի մի քանի հատվածները, օգտակար են ուղեղի պլաստիկության համար։

«Եթե տարեց մարդը հարցներ ինձ՝ ինչ անել, ես կասեի նրան՝ հետևի՛ր քո սրտին և արա այն, ինչ միշտ ցանկացել ես անել, քանի որ մոտիվացիան շատ կարևոր է սովորելու համար և կապված է ուղեղի պլաստիկության ու ճանաչողական պաշարի հետ»,-եզրափակել է դոկտոր Մարին՝ հավելելով, որ ավելի կառուցողական է խմբային ուսուցումը, քանի որ նոր մարդկանց հետ ծանոթությունն ինքնին լավ խթան է համարվում։

Տեսանյութում՝ Գյումրիի տարեց կանանց երգչախումբը, որի ավագ անդամն 90 տարեկան է։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930