Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիրառվում է հանրային իշխանական լիազորություն՝ հանրային շահի իրացման կապակցությամբ եւ դրա վկայակոչմամբ»

Ապրիլ 27,2023 13:00

Քաղաքացին՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի մամլիչի տակ

Պարբերաբար ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներ են անում Ֆիրդուսի հասցեի բնակիչները, իրենց տներից տեղահանման, անշարժ գույքի գնահատման հետ կապված խնդիրներ բարձրաձայնելով: Իսկ երբ բարձրաձայնում են իրենց խնդրի մասին, ասում են՝ դիմեք դատարան, ինչպես ՍԴ դիմած քաղաքացու դեպքում է, երբ ըստ նրա՝ «Վիճարկվող նորմերի դատարանի կողմից կիրառված մեկնաբանության արդյունքում իր՝ դիմողի վեճի ծավալը ենթարկվում է այնպիսի փոփոխության, որի հետեւանքով վերջինս կարող է վիճարկել Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից ընտրված գնահատման մեթոդի արդյունքը եւ չունի հնարավորություն ընդհանուր իրավասության դատարանում քննարկման առարկա դարձնել այդ որոշման իրավաչափությունը»:

Մարտի 29-ին Սահմանադրական դատարան դիմած Նորա Կիրակոսյանն անդրադարձել է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքին, շեշտելով, որ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ եւ 13-րդ հոդվածներով սահմանված կարգավորումներով ինքը զրկված է իր վերաբերյալ հանրային շահի ոլորտում եւ դրա սպասարկման անվան տակ պետաիշխանական լիազորություններով օժտված մարմնի կողմից կայացվող որոշումների իրավաչափության վիճարկման հնարավորությունից եւ ունի միայն մեկ ընտրություն՝ ընդունելու կամ չընդունելու այդ մարմնի հայեցողությամբ ընտրված գնահատման մեթոդի արդյունքում որոշված գումարը:

Ըստ դիմումատուի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին, 3-րդ, 10-րդ եւ 192-րդ հոդվածների՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ինչպես նաեւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածում առկա է օրենսդրական բաց, անհամապատասխանություն գործող Սահմանադրությանը:

Նա ներկայացրել է թիվ ՎԴ/5793/05/22 վարչական գործի դատավարական նախապատմությունը, փաստել, որ իր համար բացասական իրավական հետեւանքներ է առաջացրել տվյալ գործով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին, 3-րդ, 10-րդ եւ 192-րդ հոդվածներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը. «Ստեղծվել է մի իրավիճակ, որում իր նկատմամբ կիրառվում է հանրային իշխանական լիազորություն՝ հանրային շահի իրացման կապակցությամբ եւ դրա վկայակոչմամբ»:

Ըստ Նորա Կիրակոսյանի՝ «Իր կողմից բարձրացված հարցով արդարադատության իրականացումն ընդդատյա է քաղաքացիական դատարանին, որի շրջանակներում կիրառվող օրենսդրության համաձայն՝ պետաիշխանական լիազորություններ կրող եւ դրանք կիրառող սուբյեկտը չի կրում իր որոշումներն ու գործողությունները, ինչպես նաեւ անգործությունը եւ դրա իրավաչափությունն ու համաչափությունը հիմնավորելու պարտականություն, եւ այդ ողջ բեռը դրվում է իր վրա այն պարագայում, երբ ինքն ունի սահմանափակված իրավունքներ եւ ենթարկվում է պետաիշխանական հարկադրանքի ազդեցության, հակասում է Սահմանադրությանը»: Այսինքն դիմողի՝ սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանության իրավունքից, արդարադատաքննության իրավունքից զրկված է:

Սահմանադրական դատարանն անհատական դիմումը օրերս՝ ապրիլի 18-ին աշխատակարգային որոշմամբ մերժել է՝ արձանագրելով, որ նա ՍԴ դիմող սուբյեկտ չէ: Ըստ մերժման որոշման՝ Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով դիմումին կից ներկայացված փաստաթղթերը եւ «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունները, արձանագրել էր, որ թիվ ՎԴ/5793/05/22 գործով Երեւանի քաղաքապետարանի եւ Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի դեմ Ն. Կիրակոսյանի կողմից ներկայացված հայցադիմումը վերահասցեագրվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, եւ դատարանի 2022թ. հոկտեմբերի 14-ի որոշման համաձայն՝ Ն. Կիրակոսյանն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի եւ քաղաքապետարանի «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի՝ գրություն-ծանուցումները եւ պայմանագրերի նախագծերը, ինչպես նաեւ այդ ծանուցումն իրականացնելուն ուղղված պատասխանողների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ, գործի քննությունը գտնվում է նախնական դատական նիստերի անցկացման փուլում: Այսինքն, դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության միջոցներից օգտվելու հնարավորությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.-Դատելով դատական նիստերի հրավիրման ողջամիտ ժամկետների խախտման տխուր ավանդույթից, ակնհայտ է մի բան. մինչ մարդը դատական պաշտպանություն է ակնկալում, նրա նկատմամբ իրավական ոտնձգություններն անդառնալի են դառնում:

«Առավոտ» օրաթերթ
26.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930