Վստահ ենք եւ չենք սխալվի, եթե նույնիսկ պնդենք, թե վոկալ արվեստում սկսնակների մեծ մասը երազում է տենորի կարիերայի մասին։ Վերջին շրջանում համացանցում նույնիսկ հանդիպել ենք հարցադրման՝ ինչպես դառնալ տենոր, ինչը վոկալից քիչ թե շատ հասկացողին անլուրջ, էլ չասենք՝ ծիծաղելի կթվա։ Բազմիցս հանդիպել ենք վոկալիստների, որոնք երգում են իրենց ձայնի համար չափազանց բարձր նոտաներ։ Ինչի՞ է դա հանգեցնում։ Կոկորդի, ձայնալարերի մշտական գերլարվածությունը ուղիղ ճանապարհ է հարթում ինչպես հիվանդությունների, այնպես էլ հետագայում ձայնի կորստի համար։ Մյուս կողմից՝ հասկանալի է վոկալիստների նման ձգտումը, քանի որ բոլոր ժամանակներում ավելի շատ ստեղծագործություններ գրվել են հենց տենորների համար, էլ չասենք՝ համաշխարհային օպերային գրականության հայտնի արիաները, որոնք անտարբեր չեն թողնում նույնիսկ դասական երաժշտությունը չնախընտրողներին։ Բայց, իհարկե, կան երիտասարդ երգիչներ, որոնք հստակ գիտեն, թե բնությունից ինչ ձայնով են օժտված եւ իրենց համար ընտրում են համապատասխան երգացանկ։ «Առավոտի» զրուցակիցը երիտասարդ օպերային տենոր Հովհաննես Անդրեասյանն է, որը հենց կարիերայի սկզբից ճիշտ ընտրություն է արել՝ չվտանգելով սեփական կոկորդը։
Երգչի հետ զրույցը սկսեցինք դիտարկմամբ, մտաբերելով, որ նա առաջին անգամ բեմ է բարձրացել 2017թ.՝ Շուշիում, Քեռի Թորոսի դերերգով, մեր օպերային թատրոնի բեմադրած՝ Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայում, դրանից հետո թատրոնում կարծես չկա ներկայացում, որում ինքը մասնակցություն չունենա։ «Մեծ հաշվով այդպես է, բայց այսօր թատրոնի խաղացանկում տեղ գտած շուրջ 10 ներկայացումներից մեկ-երկուսում «բացակա» եմ. Վերդի՝ «Աիդա», Դոնիցետի՝ «Պողիկտոս», կբացակայեմ նաեւ Դոնիցետիի «Սիրո ըմպելիք»-ից, որի պրեմիերան կկայանա շուտով։ Հիմա պատրաստում եմ Կալաֆի եւ Կավարադոսիի դերերգերը՝ Պուչինիի «Տուրանդոտ» եւ «Տոսկա» օպերաներում»,- մանրամասնեց տենորը։ Հետաքրքրությանը՝ կառանձնացնի՞ մի դերերգ, որը եթե նույնիսկ կերպարայինով բացասական է, բայց հոգեհարազատ է իրեն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այդ մեկը Խոզեն է՝ Բիզեի «Կարմեն»-ում, որն ինձ որպես կերպար գրավում է իր խառնվածքով։ Այստեղ ես ինձ հարմար եմ զգում թե վոկալի, թե խաղի առումով, չնայած իմ բոլոր դերերգերին մոտենում եմ պատասխանատվությամբ եւ աշխատում առավելագույնն անել հանդիսատեսին կերպարը լիարժեք մատուցելու համար»։
Հոլանդիա, Գերմանիա, Ռուսաստան, Լատվիա, Լիտվա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ավստրիա. սա ոչ լրիվ ցանկն է այն երկրների, որտեղ Հովհաննես Անդրեասյանը հանդես է եկել թե օպերային բեմադրություններում եւ թե համերգային կատարումներով։ Ի դեպ, տենորին հանդիպել ենք նաեւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի իրականացրած օպերաների համերգային կատարումներում, այդ թվում՝ Պուչինի՝ «Մադամ Բաթերֆլայ», «Թիկնոցը», Վերդի՝ «Տրավիատա»։ Մեկ-երկու տարի առաջ էլ նա հանդես եկավ Գյումրիում առաջին անգամ ներկայացվող Պյորսելի «Դիդոնե եւ Էնեաս» օպերայում։ Անդրադառնալով տենորի հյուրախաղերին, նշենք, որ այս տարվա հունվարին եւ ապրիլին մենահամերգներով հանդես է եկել Փարիզում։ Այս առիթով երգիչը հայտնեց, որ Փարիզում ելույթների նախաձեռնողը դաշնակահար, երգեհոնահար Նարինե Սիմոնյանն է։ Նշենք, որ այս երաժիշտը շուրջ 30 տարի ապրում եւ ստեղծագործում է Փարիզում, դաշնամուրային եւ երգեհոնային համերգներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, Փարիզի Աստվածամոր տաճարի ցանկալի հյուրն է, ամենակարեւորը՝ այն եզակի երաժիշտներից է, որի «մի ոտքը Հայաստանում է», ավելին՝ տասնամյակների համերգային շրջագայություններից ստացված հասույթով ու հովանավորների հանգանակած գումարներով երգեհոն գնեց ու նվիրեց Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցուն։ 2021-ին Նարինե Սիմոնյանի նախաձեռնությամբ էր, որ Գյումրիում բեմադրվեց «Դիդոնե եւ Էնեաս» օպերան, ինչի համար Հայաստան էր ժամանել իտալացի ճանաչված երգեհոնահար, կլավեսինահար, Վերսալի «Բարոկկ» օպերային թատրոնի երգեցողության վարպետ Ստեֆանո Ինտրիերին։
«Փարիզում համերգները կայացան Հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում, երկու անգամ էլ Նարինե Սիմոնյանի ընկերակցությամբ։ Հունվարին հանդես եկանք Հանրիխ Հայնեի բանաստեղծություններով գրված Շումանի «Պոետի սերը» վոկալ ցիկլի մեկնաբանմամբ, որը մեծ արձագանք ունեցավ։ Ապրիլին կրկնեցինք վոկալ ցիկլը եւ մեկ համերգ էլ ունեցանք, որի ծրագրում ընդգրկել էինք հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից մինչեւ նեապոլիտանական երգեր եւ արիաներ օպերաներից»,- ասաց երգիչը։ Մանրամասնեց նաեւ, որ Նարինե Սիմոնյանի հետ շարունակելու են համագործակցությունը՝ «Պոետի սերը» CD թողարկելու համար, ձայնագրությունն էլ իրականացնելու են Ֆրանսիայում։ Կեսկատակ-կեսլուրջ դիտարկմանը՝ իհարկե, մեծ պատիվ է համագործակցել ճանաչում եւ պահանջարկ ունեցող երգեհոնահարուհու հետ, բայց…, Հովհաննես Անդրեասյանը ընդհատելով մեզ, ժպտալով պատասխանեց. «Հասկանալի է։ Նարինեի հետ համագործակցությունը չի խանգարի նրա կարիերային։ Փարիզյան համերգներից մեկում ինձ համագործակցության առաջարկ է արել ֆրանսիացի մի պրոդյուսեր (անունը չբարձրաձայնեց- Ս. Դ.), որը կկազմակերպի ելույթներս Եվրոպայի երկրներում»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում՝ Հովհաննես Անդրեասյանը՝ տարբեր կերպարներում։
«Առավոտ» օրաթերթ
26.04.2023