«Հիասթափված եմ, որ զեկուցողն իր դիտարկումներում հղում չի կատարել Կավալայի գործին։ Կավալայի գործով դատարանի վճիռը շարունակում է մնալ անկատար»,-«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը» թեմայով զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ պատվիրակ Քրիստոֆեր Շոպը։ Նա հանդես եկավ Եվրոպական պահպանողականների խմբի և Դեմոկրատական դաշինքի (EC/DA) անունից։
ԵԽԽՎ պատվիրակը հիշեցրեց՝ Օսման Կավալայի ազատ արձակումը Եվրոպական դատարանի կողմից Թուրքիայից պահանջվել է 2019-ին, մինչև անգամ հարցը հասել է Մեծ պալատ, որը ևս որոշում է կայացրել, որ թուրք իրավապաշտպան, ձեռնարկատեր, մեկենաս Օսման Կավալան, որը ազատազրկված է, պետք է ազատ արձակվի։ Քրիստոֆեր Շոպն այս առիթով նշեց․ «Բայց մինչև այժմ այդ որոշումը չի կատարվել։ Մեր թուրք գործընկերները պնդում են, որ սա քաղաքական հարց է և դուք՝ եվրոպացի գործընկերներդ չեք հասկանում թուրքական քաղաքականությունից»։
Քրիստոֆեր Շոպը մտահոգություն հայտնեց, որ ԵԽԽՎ թուլության պատճառով բռնակալներ են աճում, ինչպես օրինակ, ՌԴ-ն։ Այս առիթով շարունակեց․ «Մեր թուլությունն է պատճառը, որ Ռուսաստանը կարողացավ ներխուժել Ուկրաինա։ Իսկ ի՞նչ ենք մենք անում հիմա։ Արդյոք մենք գործողություններ ձեռնարկո՞ւմ ենք Թուրքիայի դեմ։ Ոչ, ոչինչ չենք անում։ Նախարարների կոմիտեն կարող էր գործողություններ ձեռնարկել և Թուրքիային վտարել այս կազմակերպությունից, այս Վեհաժողովը ևս կարող էր քայլեր ձեռնարկել, որպեսզի վտարեր թուրքական պատվիրակությանը ԵԽԽՎ-ից։ Բայց դա չեն անում, որովհետև վախենում ենք, իսկ թե ինչու ենք վախենում, պատճառն այն է, որ Թուրքիան խոշոր վճարողներից է, և այս վեհաժողովում չափազանց շատ մարդիկ կան, որոնք շահագրգռված են ապահովելու, որ այս խոշոր վճարողները շարունակեն վճարել, որպեսզի նրանք կարողանան շարունակել հանդարտեցնել երկրներին, կազմակերպություններին և բռնապետություններին, ինչպիսին՝ օրինակ Թուրքիան է։ Հուսանք, որ Թուրքիայի ժողովուրդը բավական խելամիտ է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա կառավարությանը հեռացնելու համար։ Իսկ եթե դա չանեն, մենք՝ որպես կազմակերպություն ի՞նչ ենք անելու։ Եթե իրական քայլեր չձեռնարկենք, դա նշանակում է, որ մենք ստեղծում ենք մեր մահվան դատավճիռը։ Այս հարցերի շուրջ ուղղակի խոսելու փոխարեն եկեք ինչ-որ բան անենք պարոն Օսման Կավալայի հետ կապված»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ