Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուս ռելոկանտների աշնանային հոսքից հետո հայաստանցիների բարեհամբույր վերաբերմունքը նվազել է․ հարցում

Ապրիլ 26,2023 23:00

Ռուսական Exodus-22 (Նախկին After24)  հետազոտական խումբը, որի կազմում ընդգրկված մասնագետները ռուս-ուկրաինական պատերազմից հետո լքել են Ռուսաստանը, հետազոտություն են իրականացրել Հայաստան եւ Վրաստան մեկնած ռելոկանտների շրջանում։ Հետազոտությունը պարզել է ՌԴ-ն լքած քաղաքացիների՝ երկիրը լքելու պատճառները, ինչու են տվյալ երկիրն ընտրել հաստատվելու համար, ինչպես են նրանց վերաբերվում տեղացիները, եկամտի աղբյուրները, արդյոք կրկին կվերադառնան իրենց հայրենիք եւ այլն։

Հարցումն իրականացվել է առցանց, մասնակիցների մի խումբը՝ 901 միգրանտները երկիրը լքել են 2022 թվականի փետրվար-մարտին, երբ ռուս-ուկրաինական պատերազմը նոր էր սկսվել, մյուս խումբը՝ 614 միգրանտները երկիրը լքել է սեպտեմբերին, երբ ՌԴ-ում համընդհանուր մոբիլիզիացիա հայտարարվեց։

Ըստ հարցման՝ անցյալ տարի աշնանը ավելի շատ տղամարդիկ են դուրս եկել երկրից, ի տարբերություն գարնանը, երբ երկիրը լքածների սեռային համամասնությունը շատ չէր՝ 51.1% կանայք, 47.2%՝ տղամարդիկ, իսկ ահա աշնանը այդ ցուցանիշը զգալի փոխվել է՝ 36.1%՝ կանայք,

63.3%՝ տղամարդիկ։

Աշնանը հարցմանը մասնակցած ռուսների 47%-ը պատասխանել է, որ երկիրը լքել է հարկադրված, 33%-ը պատասխանել է՝ ավելի շուտ հարկադրված, 12%-ը՝ ավելի շուտ կամավոր, 7%-ը նշել է, որ երկիրը լքել է կամավոր, 1%-ը դժվարացել է պատասխանել։

 

Ուշագրավ է, որ պատերազմի առաջին օրերին երկիրը լքած հարցման մասնակիցների 22%-ն է նշել, որ ՌԴ-ն լքել է հարկադրված, 37%-ը՝ավելի շուտ հարկադրված, 22%-ը՝ ավելի շուտ կամավոր, 16%-ը՝ կամավոր, 2%-ը դժվարացել է պատասխանել։

Արդյոք երկրից մեկնելը եղել է նախապես ծրագրած, թե՞ ինքնաբերաբար, Ռուսաստանից առաջին ալիքի միգրանտների 85.61%-ը հարցմանը պատասխանել է՝ ինքնաբերաբար կամ ավելի շուտ ինքնաբերաբար, 13.9%-ը՝ ծրագրած կամ ավելի շուտ ծրագրած, 0.5%-ը դժվարացել է պատասխանել։ Այս ցուցանիշները մի փոքր փոխվել են սեպտեմբերին ՌԴ-ում համընդհանուր մոբիլիզացիա հայտարարելուց հետո։ Աշնանային միգրացիայի հարցման մասնակիցների 73.6%-ն է երկիրը լքել ինքնաբերաբար կամ ավելի շուտ ինքնաբերաբար, 25.6%-ը՝ ծրագրած կամ ավելի շուտ ծրագրած, 0.8%-ը դժվարացել է պատասխանել։

Հարցվածների մեծ մասը՝ 42.5%-ը անցյալ տարի ամռանը եւ նույնիսկ դրանից առաջ մտածել երկիրը երկարաժամկետ կամ անորոշ ժամկետով լքելու մասին, 34.6%-ը չի մտածել։

Ռուսաստան վերադառնալու ցանկություն ունեն հարցվածների 38%-ը, որից սակայն ընդամենը 3%-ն է դա հնարավոր համարում, մնացածը դա համարում է քիչ հավանական կամ անհնար կամ դժվարանում են հնարավորության մասին պատասխանեն։ Հարցվածների 30%ը չի ցանկանում վերադառնալ Ռուսաստան, 32%-ը դժվարացել է պատասխանել։

Ուշագրավ է վրացիների եւ հայերի վերաբերմունքը ռուս ռելոկանտների նկատմամբ, ըստ հարցման արդյունքների՝ հայաստանցիներն ավելի լավ են վերաբերվում ռուսներին, քան վրացիները։

Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբնական շրջանում Հայաստանում հաստատված ռուս միգրանտների առաջին ալիքի հարցվածների 96.6%-ը նշել է, որ տեղացիները բարեհամբույր կամ ավելի շուտ բարեհամբույր են իրենց նկատմամբ, մինչդեռ Վրաստանում հաստատվածների 60.7% է նման պատասխան տվել։

Ռուս ռելոկանտների աշնանային հոսքից հայաստանցիների բարեհամբույր վերաբերմունքը մի քիչ նվազել է, Հայաստանում հաստատվածների 94.1%-ը պատասխանել է, որ տեղացիները բարեհամբույր կամ ավելի շուտ բարեհամբույր են իրենց նկատմամբ, Վրաստանում հաստատվածների 60.2% է նման պատասխան տվել։

Գարնանը հարցվածների 3.2%-ը նշել է, որ Հայաստանում իրենց չեզոք են վերաբերվում, 0.3%-ը դժվարացել է պատասխանել: Վրաստանում հաստատվածների 26.6%-ն է նշել, որ տեղացիները չեզոք վերաբերմունք ունեն իրենց նկատմամբ, 4.6%-ը դժվարացել է պատասխանել։ Վրաստանում հաստատված եւ հարցմանը մասնակցածների 8.1%-ը նշել է, որ տեղացիները թշնամաբար կամ ավելի շուտ թշնամաբար են տրամադրված իրենց նկատմամբ։ Հայաստանում հաստատված եւ հարցմանը մասնակցած ռելոկանտներից որեւէ մեկը չի նշել տեղացիների թշնամական վերաբերմունքի մասին։

 

Ռելոկանտների աշնանային հոսքից հետո Վրաստանում ռուս միգրանտների նկատմամբ վերաբերմունքը դրականորեն փոխվել է։ Վրաստանում հաստատվածների 33.6%-ն է նշել, որ տեղացիները չեզոք վերաբերմունք ունեն իրենց նկատմամբ, 3.3%-ը դժվարացել է պատասխանել։ Աշնանային միգրացիոն հոսքից հետո Վրաստանում հաստատված ռելոկանտների նկատմամբ թշնամական վերաբերմունքն, ի տարբերություն առաջին հոսքի տեղափոխվածների, նվազել է։ Հարցմանը մասնակցածների 3%-ն է նշել, որ տեղացիները՝ վրացիները թշնամաբար կամ ավելի շուտ թշնամաբար են տրամադրված իրենց նկատմամբ։ Հայաստանում հաստատված եւ հարցմանը մասնակցած ռելոկանտներից որեւէ մեկը չի նշել տեղացիների թշնամական վերաբերմունքի մասին։

Աշնանը հարցվածների 5.4%-ը նշել է, որ Հայաստանում իրենց չեզոք են վերաբերվում, 0.5%-ը դժվարացել է պատասխանել։

Թե որքան երկար կմնան իրենց ընտրած երկրում, աշնանը հարցվածների 29.2%-ը պատասխանել է՝ 6-12 ամիս, 21.5%-ը՝ 1-3 տարի, 19.2%-ը՝ 3-6 ամիս, 10.4%- ը՝ 1-3 ամիս, 2%-ը՝ մի քանի շաբաթ, 3.7%-ը՝ 3 տարուց ավելի, 12.4%-ը՝ դժվարացել է պատասխանել,1.3%-ը նշել է, որ պատրաստվում է այդ երկրում ապրել մինչեւ կյանքի վերջը։

Հարցման հեղինակները նշում են, որ ՌԴ-ից բազմաթիվ արտագաղթածներ Հայաստանը եւ Վրաստանը դիտարկում են որպես տարանցիկ երկիր՝ դեպի Եվրոպա, Իսրայել եւ ԱՄՆ մեկնելու համար։ Ըստ հեղինակների, Վրաստանից եւ Հայաստանից ռուսների հեռանալու գործընթացն անընդհատ է եւ հավասարաչափ։

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930