Լրահոս
Օրվա լրահոսը

Անցյալում իրագործված հանցագործությունների անպատժելիությունն ու անտարբերությունը ծնում է նոր բռնություններ այսօր

Ապրիլ 26,2023 22:40

25 ապրիլի, 2023 թ․․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Զորյան ինստիտուտը ոգեկոչում է բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը եւ հիշեցնում, որ անցյալի ողբերգությունների հանդեպ անտարբերությունն ու անպատժելիությունը խրախուսում են ազգերին իրագործել նոր բռնություններ, էթնիկ զտումներ եւ նույնիսկ ցեղասպանություններ ապագայում։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակել է Արցախի եւ Հայաստանի միջեւ կյանքի ճանապարհ հանդիսացող Բերձորի միջանցքը։ Այս շրջափակումը հանգեցրել է մարդասիրական լուրջ խնդիրների՝ սկսած գազի պաշարից մինչեւ բժշկական սարքավորումների բացակայություն։ Չնայած Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 23-ին կայացրած որոշման՝ համաձայն որի Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցներ Բերձորի միջանցքի շրջափակումը, միջանցքը դեռ մնում է փակ, իսկ Ադրբեջանը դեռեւս պետք է առերեսվի ինչ-որ հետեւանքների իր այս գործողությունների համար։ Ավելին, միջազգային հանրության ճնշող լռությունը միայն քաջալերեց Ադրբեջանին երկարաձգելու շրջափակումը ավելի քան չորս ամսով, ինչը խորը մտահոգություն է առաջացնում։

Բռնությունների նկատմամբ աչք փակելը ճանապարհ է հարթում ապագա ցեղասպանությունների եւ զանգվածային ոճրագործությունների համար, քանզի անպատժելիությունը անպատժելիություն ծնում է: Պատմության ողջ ընթացքում բազում օրինակներ են եղել առ այն, թե ինչպես է Թուրքիան օգտվել անպատժելիությունից: Սա ակնհայտ դարձավ արդեն իսկ 1890-ականներին Համիդյան կոտորածի ժամանակ, որին հաջորդեցին Ադանայի կոտորածները 1909 թ.։ Այդ կոտորածներն այնուհետ ճանապարհ հարթեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը: Օսմանյան Թուրքիայի մոտ 1,5 միլիոն հայ քաղաքացիներ սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ, իսկ մնացածները տեղահանվեցին իրենց նախնիների հայրենիքից 1915-1923 թվականներին:

Ցեղասպանական հանցագործությունների դեպքում անպատժելիորեն գործելու Թուրքիայի օրինակը թերեւս ոգեշնչել նաեւ ոգեշնչել նացիստ պաշտոնյաներին, ովքեր հավանաբար ենթադրել են, որ անպատժելիությունը կտարածվի նաեւ երկրի սահմաններից դուրս: Ահավասիկ, 1939 թվականին Օբերսալցբերգում իր հայտնի ելույթի վերջում Հիտլերը հայտարարեց. «Ո՞վ, ի վերջո, այսօր խոսում է հայերի ոչնչացման մասին»:

Ավելի քան հարյուր տարի անց թուրքական կառավարությունը շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը։ Այս հանցագործությունների անպատժելիությամբ ոգեւորված՝ Թուրքիան շարունակում է ճնշել իր ազգային փոքրամասնություններին, ավելին՝ անարգել ընդլայնում այդ ճնշումը  հարեւան ազգային պետությունների քաղաքացիների նկատմամբ։ Թուրքիայի անպատժելիությունն անցյալում գործած իր հանցագործությունների եւ շարունակական բռնությունների  համար օրինակ է դառնում տարածաշրջանի այլ ազգային պետությունների համար, որ միջազգային հանրությունը իրենց եւս չի դատապարտի գործած հանցանքների համար։

Ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ մենք պետք է դասեր քաղենք անցյալից եւ գիտակցենք անտարբերության եւ անգործության վտանգը։ Արցախի հանրապետությունում արդեն իսկ զեկույցներով արձանագրված մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները փաստում են, որ ցեղասպանություն եւ էթնիկ զտումներ կարող են արագ դրսեւորվել, եթե համաշխարհային հանրությունը շարունակի աչք փակել այս լուրջ խնդրի վրա։ Բերձորի միջանցքի շարունակվող շրջափակումը վառ հիշեցում է այն վայրագությունների մասին, որոնք հանգեցրին Հայոց ցեղասպանությանը, եւ նախազգուշացում, որ պատմությունը կարող է կրկնվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել