«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ադրբեջանի կողմից՝ իր պայմանավորվածությունների հերթական խախտումը էլ ավելի է սրել իրավիճակը Արցախի շուրջ։ Այդ կապակցությամբ երեկ մենք աշխատանքային հանդիպումներ ենք ունեցել, գործողությունների ծրագիր քննարկել և որոշակիացրել ստեղծված իրավիճակից դուրս գալու կոնկրետ քայլերը։
Արցախի բնակիչների հետ մի շարք հանդիպումներ են անցկացվել, համատեղ քննարկվել են հիմնական մարտահրավերները, ձևավորվել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, Արցախի և Հայաստանի ղեկավարությանը, ինչպես նաև միջազգային հանրությանն ուղղված հիմնական պահանջները։
Արցախի երիտասարդության նախաձեռնող խումբն իր կողմից ձևակերպել և հաստատել է գործողությունների ծրագիր, որը պետք է իրականացվի, եթե Ադրբեջանը պատրաստ չլինի վերադառնալ Եռակողմ հայտարարության տառի ու ոգու պահպանմանը, ու ես իմ կողմից ամբողջությամբ սատարում եմ երիտասարդներին։
Կարդացեք նաև
Աշխատանքային հանդիպումներ են անցկացվել Արցախի քաղաքական կուսակցությունների հետ, որոնց ընթացքում մշակվել է միասնական դիրքորոշում՝ իրադարձությունների ցանկացած զարգացման պարագայում Արցախի ժողովրդի շահերի միանշանակ պաշտպանությանն ուղղված քայլերի առնչությամբ։
Արցախի Հանրապետության և Արցախի Անվտանգության խորհրդի ղեկավարների հետ ևս քննարկումներ են եղել, որոնց շրջանակներում վերահաստատվել են բնակչության միասնական սկզբունքներն ու դիրքորոշումը, այն է՝ մենք մեր հողի վրա ենք, ոչ մի տեղ չենք գնալու և չենք հրաժարվելու նրանից:
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը տեղեկացվել է Արցախի ժողովրդի և քաղաքական ուժերի դիրքորոշման մասին, ինչպես նաև նշվել է, որ մենք նրանց կողմից միջանցքի ապաշրջափակմանն ուղղված կոնկրետ քայլեր ենք սպասում։ Այսպիսի պայմաններում միջանցքը մեր կողմից չի օգտագործվելու:
Այս հարցում որևէ փոխզիջում չի կարող լինել։ Հայաստանի հետ առանց սահմանափակումների ուղիղ և ազատ կապի ապահովումը մեր անվերապահ պայմանն է: Մենք անելու ենք ամեն ինչ՝ մեր իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու համար: Եթե ռուսական խաղաղապահ զորախմբին և միջազգային հանրությունը չհաջողվի ոչինչ փոխել, ապա մենք մեզ իրավունք ենք վերապահելու մեր հայրենակիցների օրինական շահերի պաշտպանությանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ դրա համար օգտագործելով եղած խաղաղ և այլ միջոցները։
Կոնկրետ թեզեր են ներկայացվել բոլոր քաղաքական ուժերին և դերակատարներին, և մենք սպասում ենք նրանց արձագանքին։ Միաժամանակ մենք ինչպես Արցախում, այնպես էլ Արցախից դուրս գտնվող բոլոր շահագրգիռ և առողջ ուժերի մասնակցությամբ յուրաքանչյուր կետի և թեզի շուրջ հանրային քննարկումներ ենք սկսում»։