Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Դավթյան․ «44-օրյա պատերազմի ավարտից հետո այս իշխանությունն ամեն բան արել է, որպեսզի Հայոց Ցեղասպանության ճանաչումն ամբողջ աշխարհում նվազի»

Ապրիլ 26,2023 19:45

Թուրքագետ Գառնիկ Դավթյանը «Հայելի» ակումբում խոսելով գործող իշխանության կողմից ըստ էության ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու մասին՝ ասաց․ «44-օրյա պատերազմի ավարտից հետո այս իշխանությունն ամեն բան արել է, որպեսզի Հայոց Ցեղասպանության ճանաչումն ամբողջ աշխարհում նվազի մի քանի փուլերով։

Էապես նվազել է կամ գրեթե գոյություն չունի Հայաստանի այսօրվա կապիտուլացված իշխանության հետ սփյուռքի համագործակցությունը։ Արգելվում է Հայ Դատի տարբեր ներկայացուցիչների մուտքը Հայաստան, որովհետեւ այդ մարդիկ դեմ են արտահայտվել կապիտուլացված այս կառավարությանը եւ քննադատական տարբեր ելույթներ են ունեցել։ Պետք չէ նաեւ բացառել, որ կա թուրքական պատվեր, համաձայն որի պետք է արգելվի բոլոր այն հայրենասեր մարդկանց մուտքը Հայաստան, որոնք կարող են ինչ-որ գործընթացների օգուտ տալ։

Կարելի է նաեւ դիտարկել մի քանի այլ խնդիրներ։ Օրինակ, այս տարվա ապրիլի 24-ի Ծիծեռնակաբերդում կազմակերպված ժողովրդական հոսքի ժամանակ ընդհանուր լուսավորությունը։ Դեռ փոքր տարիքից եմ հիշում, որ լավ է եղել, մինչդեռ այս տարի խայտառակ վատն էր։ Իմ խորին համոզմամբ դա միտումնավոր էր արված։

Ինչ վերաբերում է կապիտուլյացված անձի վախերին՝ ծաղիկներն ստուգելու եւ ինչ-որ բան փնտրելու գործընթացին։ Ուշադրություն դարձրեք, որ ջահերով երթի ավարտին, երբ մասնակիցները ծաղիկներ էին դրել հուշարձանին, այդ ծաղիկները հեռացվել էին այնտեղից։ Այդ ծաղիկները հարգանքի մատուցման ձեւ են։ Մարդիկ գնացել, խոնարհվել եւ ծաղիկ էին դրել։ Ինչո՞ւ էին դրանք հեռացվել։ Եթե կապիտուլյացվածը պետք է վախվորելով գար, ավելի լավ է՝ չգար, կամ գնար ամսի 25-ին, 26-ին, երբ այնտեղ քիչ մարդ է լինում։ Մարդկանց հարգանքի խորհրդանիշերն այնտեղից հեռացնելը առնվազն անհարգալից վերաբերմունք է քաղաքացիների նկատմամբ, անհարգալից վերաբերմունք է զոհերի հիշատակի  նկատմամբ։

Հայոց ցեղասպանության ճանաչման առումով այս իշխանության մոտեցումների առումով ես հստակ ձեւավորված տպավորություն ունեմ, որ այս իշխանությունը ոչ թե նպատակ ունի միջազգային հարթակում, մասնավորապես, այս ողբերգության ֆոնին ամրացնել Հայաստանի հիմքերը, այլ հակառակը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ֆոնին ամեն ինչ զիջել։ Այսինքն, այս իշխանությունը իշխանության է զուտ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը սպասարկելու համար»,-ասաց թուրքագետը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930