ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ապրիլի 27-ին օրվա երկրորդ կեսին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք իրականացրած «L410» օդանավը։ 45 րոպե տեւած չվերթը տեխնիկական, փորձնական թռիչք էր։
Կապանի «Սյունիք» օդանավակայանում Սյունիքի մարզային եւ համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար կազմը ծափահարություններով դիմավորեցին օդանավի առաջին վայրէջքը։
Կարդացեք նաև
«L410»-ը մի քանի մոտեցումներով ու վայրէջքներով ինքնաթիռի օդաչուները փորձարկեցին սխեմաները։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դիմավորելով՝ օդաչուներին շնորհակալություն հայտնեց նրանց՝ թեթեւ ու անփորձանք վայրէջքի համար։ Aravot.am-ի տեսախցիկն արձանագրել է փորձնական թռիչքի բացառիկ կադրերը։
«Սա թիմային աշխատանքի արդյունք էր, կարևոր էր շատ, և սրան կհաջորդեն արդեն քննարկումներ, թե ինչ արդյունքներ ունենք, ինչ դիտարկումներ կան, ինչ վերլուծություններ է պետք անել մասնագիտական դաշտում, իսկ հեռանկարում, իհարկե, մեր նպատակը կանոնավոր չվերթեր կազմակերպելն է այս ամենը վերլուծելուց հետո»,- ասել է Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ հեռանկարում պլաններ կան նաև Կապանը որոշ այլ օդանավակայանների հետ կապել, ոչ միայն «Զվարթնոցի»:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ