Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր են հիշել Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցը

Ապրիլ 26,2023 17:54

Ինչպես ամեն տարի, 2023 թվականին էլ ապրիլի 24-ին նշվեց Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության տարելիցը: Այդ օրը հայտարարություններով է հանդես գալիս ոչ միայն Հայաստանի բարձր ղեկավարությունը, այլև Հայաստանը զորակցության և ցավակցության ուղերձներ է ստանում աշխարհի բազմաթիվ երկրներից:

Ընդ որում, ապրիլքսանչորսյան ուղերձներով, որպես կանոն, հանդես է գալիս նաև Թուրքիայի ղեկավարությունը՝ չանվանելով տեղի ունեցածը ցեղասպանություն և կոչելով տեղի ունեցածը ողբերգական իրադարձություն և օգտագործելով «առաջին աշխարհամարտի ժամանակ մահացած օսմանցի հայեր» կամ նմանատիպ այլ արտահայտություններ:

Այս՝ 108-րդ տարելիցը, սակայն, ուշագրավ է նրանով, որ 2023-ին հայտարարություններով հանդես չի եկել ոչ միայն Թուրքիայի ղեկավարությունը, այլև Ռուսաստանի:

Ովքեր են հանդես եկել հայտարարություններով

2023 թվականին Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ ամենաբարձր մակարդակով հայտարարություններով են հանդես եկել Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Հունաստանը, Կանադան և Կիպրոսը: Բացի սա, դեսպանների, խորհրդարանականների և այլ պաշտոնյաների միջոցով Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչել են նաև մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ (այդ թվում Ծիծեռնակաբերդ էր այցելել Հայաստանում ՌԴ դեսպանը):

Ուշագրավ է Հունգարիայի դեպքը․ 2012 թվականից հետո, երբ Հայաստանը խզել էր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, առաջին անգամ այս տարի այդ երկրում անցկացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել Հունգարիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, Հունգարիայի խորհրդարանի և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:

Թուրքիան ու Ռուսաստանը

Թուրքիայի ղեկավարությունը՝ ի դեմս այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վերջին տարիներին ապրիլի 24-ին ուղերձով դիմել է Պոլսի հայոց պատրիարքին՝ ինչպես վերը նշեցինք, անորոշ ու անհասցե արտահայտություններով նկարագրելով տեղի ունեցածը:

Այս տարի, սակայն, նման ուղերձ Պոլսո հայոց պատրիարքարան չի ուղարկվել:

Վերջին տարիներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես չի եկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուղերձներով կամ հայտարարություններով: Վերջին նման ուղերձը տեղի է ունեցել 2015 թվականին, երբ Երևանում նշվում էր Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այդ ժամանակ Պուտինն այցելել էր Երևան և մասնակցել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած հատուկ արարողությանը՝ հանդես գալով ելույթով: Հատկանշական է, որ այդ ժամանակ Պուտինի քայլը խիստ քննադատության էր արժանացել պաշտոնական Անկարայի կողմից, իսկ արդեն 2020 թվականին, երբ Հայաստանում նշվում էր Ցեղասպանության 105-րդ տարելիցը, Պուտինը հանդես չէր եկել որևէ հայտարարությամբ:

Ուշագրավ է, որ հաջորդ՝ 2021 թվականի ապրիլի 24-ին տեղի էր ունեցել Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց, որի վերաբերյալ ո՛չ հայկական, ո՛չ ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրություններում չկա որևէ հիշատակում Ցեղասպանության մասին:

Այս պատկերը զարմանալի է այն կոնտեքստում, որ Ռուսաստանը, բացի Հայաստանի անվանական դաշնակիցը լինելուց, 1995 թվականին ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930