Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքի նորմերը

Ապրիլ 26,2023 16:51

Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կապված Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հետ.

«Մենք մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում՝ կապված Ադրբեջանի կողմից 2023թ. ապրիլի 23-ին Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման հետ: Դա կարող է հնարավոր բացասական հետևանքներ ունենալ և դիտվել որպես 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության ակնհայտ խախտում, ինչպես նաև անհարգալից վերաբերմունք Արդարադատության Միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի պարտադիր վճռի նկատմամբ, որով Ադրբեջանին կարգադրվել էր «ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար»:

Մենք հիշում ենք, որ միջանցքի ադրբեջանական շրջափակումը շարունակվում է 2022թ. դեկտեմբերի 12-ից՝ հումանիտար դժվարություններ պատճառելով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և մեծապես խաթարելով խաղաղության հեռանկարները։ Վերջին գործողություններն է՛լ ավելի են սրում իրավիճակը։ Մենք կոչ ենք անում Բաքվին անհապաղ փոխել քաղաքականությունը և պարտավորություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և միջազգային պարտավորությունների ու նորմերի նկատմամբ հարգանք դրսևորելու հարցում։ Եվրամիությունը շարունակում է պատրաստ լինել աջակցել կողմերին՝ բանակցությունների միջոցով լուծելու իրենց բոլոր տարաձայնությունները:

Ավելին, ցավալի է, որ նման գործողություններ իրականացվել են հենց ապրիլի 24-ին նշվող Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա՝ 108 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից բնաջնջման արշավի մեկնարկի տարելիցի նախօրեին: Մենք ոգեկոչում ենք ցեղասպանության ժամանակ զոհված մեկուկես միլիոն զոհերի հիշատակը և կոչ ենք անում միջազգային հանրությանը զգոն մնալ բորբոքիչ հռետորաբանության և այնպիսի գործողությունների նկատմամբ, որոնք ատելություն են սերմանում և կանխում են հաշտեցումը»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930