Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վկան չի իմացել, որ 60 հազար դոլարով գնած մեքենան եղել է Արշակ Հակոբյանի անվամբ, սակայն փաստացի պատկանել է Վլադիմիր Գասպարյանին

Ապրիլ 26,2023 16:37

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ, 2011-2018թթ․ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի նախկին տեղակալ, 5-րդ բաժնի նախկին պետ Արշակ Հակոբյանի գործով հերթական դատական նիստն էր, որի ընթացքում որպես վկա հարցաքննվեց Համլետ Մանասարյանը։ Նա դատարանին հայտնեց, որ դատավարության կողմերից որեւէ մեկին չի ճանաչում։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արշակ Հակոբյանը լվացել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 351 մլն 497 հազար 422 դրամը եւ 75 մլն դրամ արժեքով անշարժ գույքը: Ըստ մեղադրանքի՝ նա, լինելով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաեւ զբաղվել է կոռուպցիոն այլ գործունեությամբ, որի արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու եկամուտները լվանալու, օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու նպատակով` թաքցրել, խեղաթյուրել է ձեռք բերված գույքերի ու վճարված գումարների իրական բնույթը, հանցավոր ծագումը և պատկանելիությունը` դրանց հաղորդելով օրինական տեսք: Մեղադրանքն ամբողջությամբ՝ այստեղ։

«Ի՞նչ պատմեմ, պարոն դատավոր, ի՞նչ ասեմ»,-զարմացած հարցրեց վկան, երբ դատավոր Վարդգես Սարգսյանը հետաքրքրվեց, թե իրեն ինչ է հայտնի այս գործի մասին։ «Քննիչը հարցրել է, թե մեքենան ումից ես գնել։ Ասել եմ։ Հարցրել է՝ ճանաչո՞ւմ ես Վլադիմիր Գասպարյանին եւ Արշակ Հակոբյանին, ասել եմ, որ ոչ։ Դա է եղել։ Ես չգիտեմ ինչ խոսամ։ Գինն էլ է հարցրել»,-պատմեց վկան։

Հանրային մեղադրողները հարցեր ուղղեցին նրան․

-Ո՞ր թվականին էր դա։

Վկա-իմ հիշելով՝ 19թ․-ին։

-Ի՞նչ մեքենա էր, ո՞նց հենց այդ մեքենան գտաք։

Վկա-Ման էի գալիս, որ քիչ քշած լինի։ Ընտրությունս դրա վրա կանգնեց։ Տեսա հայտարարությունը, զանգեցի, պայմանավորվեցի, տեսա։ Չգիտեմ՝ ում անունով էր այդ մեքենան։

-Ըստ տվյալների՝ մեքենան Արշակ Հակոբյանի անվամբ է եղել հաշվառված, բայց փաստացի պատկանել է Վլադիմիր Գասպարյանին։

Վկա-Ոչ, ես հանդիպել եմ Էրիկ անունով մարդուն, խոսել, կանխիկով վճարել մոտ 60 000 դոլարի կարգի։

-Հետո վաճառե՞լ եք մեքենան։

Վկա-Այո։

-Առուվաճառքի պայմանագիր ստորագրե՞լ եք։

Վկա-Կինս է ստորագրել, բայց չի իմացել՝ ումից է առնում։

-Դուք կարդացե՞լ եք այդ պայմանագիրը։

Վկա-Չէ, չեմ հիշում։ Ինչ կա՞ որ։

Դատավոր Վարդգես Սարգսյանն ընդհատեց Համլետ Մանասարյանին՝ կատակելով․ «Հարգելի վկա, հիմա էլ դատախազին եք հարցեր տալի՞ս։ Հո սեւ խավիարի բիզնեսով չե՞ք զբաղվում»։

Վկայի հարցաքննությունն այսքանով ավարտվեց։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Այս գործով դատական նիստի տեսանկարահանում եւ լուսանկարում առհասարակ թույլատրված չէ մեղադրյալի խնդրանքով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930