Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չնայած արհավիրքներին՝ պետք է կարողանանք պահպանել մեր արժանապատիվ տենչը դեպի լույսը

Ապրիլ 26,2023 16:22

Վերջերս Երևանում հրատարակվել են կոմպոզիտոր, միջազգային մրցույթների դափնեկիր, Հայաստանի Կոմպոզիտորների Միության անդամ Արփինե Կալինինայի՝ լարային քառյակի համար գրված «Ապրիլի 24» և «Սերենադ» ստեղծագործությունները: Պարտիտուրը հրատարակել է Հայկական Երաժշտական Համաժողովը Պրինտոգրաֆ տպագրատանը: Կոմպոզիտորը սիրով պատասխանել է մեր հարցերին:

– Արփինե, պատմեք խնդրեմ հրատարակված ստեղծագործությունների մասին:

– «Ապրիլի 24» ստեղծագործությունը գրել եմ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առթիվ: Այն առաջին անգամ հնչել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ 2015 թ. ապրիլի 24-ին, Լոնդոնի Թագավորական Երաժշտական Ակադեմիայում՝ բրիտանական ”Artesian” լարային քառյակի կատարմամբ: Ստեղծագործությունն ամփոփում է ողբերգությունից հետո մարդկային սրտում գոյացած ամայությունը, նոսրացած հույզերը, բայցև այդ սրտերի, հոգիների ապրելու համառ տենչը և դեպի լույսը, երկնքի կապույտը ձգվող երկնասլաց ընթացքը: Ստեղծագործության համար ոգեշնչման աղբյուր է դարձել հայոց նախաքրիստոնեական շրջանի «Վահագնի ծնունդը» գողթան երգը՝ որպես վերածննդի խորհրդանիշ:

«Սերենադ» ստեղծագործությունը գրել եմ 2020 թ. Բարտոկի անվան (Հունգարիա) Կոմպոզիտորների Համաշխարհային մրցույթի համար: Ստեղծագործությունը մտել է մրցույթի եզրափակիչ փուլ, դասվել աշխարհի 59 երկրից ներկայացված 348 լարային կվարտետներից ընտրված լավագույն ութնյակի շարքը:

– Վերոնշյալ ստեղծագործությունները հրատարակությունից առաջ կատարվել են Չինաստանի Շանհայ քաղաքում ժամանակակից երաժշտության համերգին՝ չինական Նովուս-Կլասիկա կամերատայի մեկնաբանությամբ: Համերգին, ինչպես և Ձեր ստեղծագործություններին, անդրադարձել է չինական ամենամեծ երաժշտական պարբերականը՝ Music Weekly-ն:  Պատմեք խնդրեմ համերգի մասին:

– Ստեղծագործություններս հնչել են «Գարնանային թռչուն» նախագծի շրջանակում Նովուս-Կլասիկա կամերատայի մենակատարների՝ 1-ին ջութակ – Բինգճանգ Լի, 2-րդ ջութակ – Դուոծյա Յան, ալտ – Յեկուն Ֆանգ, թավջութակ – Խաո Շեն կատարմամբ:

Կամերատայի հիմնադիրը, դիրիժորն ու համերգի նախաձեռնողը չինացի տաղանդավոր երիտասարդ դիրիժոր Ծին Յուկուանգն է: Անցյալ տարի Ծին Յուկուանգն իր Կամերատայի հետ արժանացել է հեղինակավոր Ganlan Art Award մրցանակին՝ Տարվա հայտնություն անվանակարգում: Նույն մրցույթի տարբեր անվանակարգերում մրցանակակիրներ են դարձել աշխարհահռչակ երաժիշտներ՝ դաշնակահարներ՝ Լանգ Լանգը, 2021 թ. Շոպենի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Բրյուս Լիուն և այլք: Նովուս-Կլասիկա կամերատան ծավալում է լայն համերգային գործունեություն, ելույթ է ունեցել նաև Deutsche Grammophon-ի Yellow Lounge- ում համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների հետ:

Ինձ համար խիստ հետաքրքիր էր համագործակցել Ծին Յուկուանգի, որը նաև Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների միջազգային մրցույթի դափնեկիր է, և իր կամերատայի հետ: Ուրախ եմ, որ ստեղծագործություններս հնչեցին Չինաստանում, որի մշակույթն ու պոեզիան ինձ հոգեհարազատ է. ինձ հատկապես գրավում է չինական մշակույթի նրբագեղությունը:

Համերգին դիրիժոր Ծին Յուկուանգը խոսել է իմ ստեղծագործությունների, ինչպես եւ ապրիլի 24-ի խորհրդի մասին: Նշել է նաև, որ ստեղծագործություններիս չինական պրեմիերան նվիրել եմ իմ Ուսուցչի՝ կոմպոզիտոր Լևոն Չաուշյանի հիշատակին, որի մասին գրված է համերգի ազդագրում:

Այս նախագիծը, կարելի է ասել, 2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո առաջին համագործակցությունն է, որ լուսավոր մտքեր ներշնչեց ինձ: Պիտի ասեմ, որ պատերազմից հետո շատ բարդ հոգեբանական վիճակում էի և դժվարանում էի անդրադառնալ ստեղծագործական աշխատանքին: Վերջին տարիներին գրեթե ամբողջապես նվիրվել եմ մանկավարժությանը՝ կոմպոզիցիա եմ դասավանդում: Պատերազմից հետո կյանքի և լույսի հանդեպ հավատը մեծապես պահպանում եմ երեխաների հետ աշխատելու շնորհիվ, ունեմ շնորհալի, պայծառ աշակերտներ, որոնք, իսկապես սիրում են երաժշտությունը և մեծ նվիրումով են վերաբերվում ստեղծագործական աշխատանքին: Հույս ունեմ, որ նրանք կդառնան հայ երաժշտության և մշակույթի արժանի կրողները:

– Ձեր հրատարակված նոտաների կազմին Մարտիրոս Սարյանի «Լոտոս»-ն է: Սա և՞ս խորհրդանշական է:

– Այո, կազմին իմ սիրելի նկարչի՝ Մարտիրոս Սարյանի «Լոտոս» -ն է: Մեծացել եմ Մարտիրոս Սարյանի արվեստի արևոտ մթնոլորտում: Հիշում եմ՝ փոքր ժամանակ քանի-քանի անգամ եմ ընթերցել հայ ժողովրդական հեքիաթների գիրքը՝ Սարյանի նկարազարդմամբ, թերթել Սարյանի կտավների վերատպությունները, եղել նկարչի տուն-թանգարանում: Շնորհակալ եմ Մարտիրոս Սարյանի թոռնուհուն՝ Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն տիկին Ռուզան Սարյանին, ում համաձայնությամբ և Սարյան ընտանիքի թույլտվությամբ պարտիտուրիս կազմին տեղ գտավ «Լոտոս» -ը (դրվագ): Նշեմ, որ կազմի ձևավորողն է Արամ Ուռուտյանը, նոտաների խմբագիրը՝ Վահրամ Բաբայանը, կազմին՝ իմ լուսանկարի հեղինակը՝ Մարիա Վարտանովան:

Այո, «Լոտոս»-ն ընտրեցի, որպես վերածննդի, մաքրության և լույսի խորհրդանիշ: Մեծ ցանկություն ունեմ, որ չնայած բոլոր արհավիրքներին մենք կարողանանք պահպանել մեր արժանապատիվ տենչը դեպի լույսը և կարողանանք կամք դրսևորել (առաջին հերթին ինձ նկատի ունեմ) և նպատակային, նվիրված ջանքով նպաստել մեր հայրենիքի վերածննդին: Հիշում եմ, Անգլիայում ուսանելուս տարիներին, առավել սուր զգացի պետականություն ունենալու կարևորությունը: Երբ զրուցում էի երիտասարդ շոտլանդացիների, ուելսցիների հետ, որոնցից շատերը չէին տիրապետում իրենց մայրենի լեզվին, որքան էի ուրախանում, որ մեր պետական լեզուն մեր մայրենի լեզուն է՝ հայերենը և մենք ապրում ենք մեր հայրենիքում՝ Հայաստանում… :

 Զրուցեց Անահիտ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930