Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշիկ Ալավերդյան. «Ժամանակին անգամ ծանրամարտի գերտերություններ Խորհրդային Միությունն ու Բուլղարիան չեն կարողացել մեկ մրցումում 10-ից 10 մեդալ նվաճել»

Ապրիլ 26,2023 16:07

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ օրերս Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում մեր մարզիկ-մարզուհիների մասնակցության արդյունքներն ամփոփելուց առաջ ասաց, որ ինքը նախապես դեմ է եղել Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացնելուն: «Ես ոչ թե վախենում էի պարտվելուց, այլ դրա համար տարբեր պատճառներ կան: Ես ելնում էի մեր պետության վիճակից: Գիտեի, որ շատ մեծ ծախսեր են պահանջվում: Այսօրվա դրությամբ նույնիսկ Երեւանում, բացի համալիրից, չկա մի այնպիսի կառույց, որտեղ կարողանայինք նորմալ պայմաններում անցկացնել նույնիսկ մարզումներ: 10-11 օրով մարդիկ գալիս են, ու մարզիկը չի կարող այդքան ժամանակ առանց մարզվելու գնա եւ մրցահարթակ ելնի»,-ասաց նա ու նշեց եւս մի քանի այլ հանգամանքներ, որոնք կարող են աննշան թվալ, բայց իր, հետեւաբար, նաեւ իր աշխատանքի վրա ազդում են:

Անդրադառնալով ծանրորդների մրցելույթներին՝ մասնագետն ասաց. «Տղաները փառահեղ ելույթ ունեցան: Առաջին անգամ եմ այսպիսի ձեւակերպում անում: Անգամ եթե համեմատենք նախկինում Խորհրդային Միության եւ Բուլղարիայի հետ, ծանրամարտի այդ գերհզոր տերությունները չեն կարողացել 10-ից 10 մեդալ բերել: Եղել են սայթաքումներ, բացթողումներ, որովհետեւ հսկայական քաշեր են եղել: Իսկ մեր ծանրորդների պատրաստվածությունը եւ պատվիրված քաշերը նրանցից առավել էր: Թող ներեն ինձ բոլոր նրանք, որոնք այն տարիներին են մրցել»:

Փաշիկ Ալավերդյանն առանձին-առանձին խոսեց ծանրորդների մրցելույթների մասին, տվեց գնահատականներ՝ անդրադառնալով նաեւ երիտասարդներին: Նա նշեց, որ իր աշխատանքի ձեւն այնպիսին է, որ սերնդափոխությունը հավաքականում չերեւա, որ երբ մի ծանրորդը արդեն ավարտում է կարիերան, նրան արժանի փոխարինող թիմում արդեն լինի: «Մեր ազգի մեջ կան աշխատասեր շատ տղաներ: Մնում է հրամանատարները լավը լինեն»,-ասաց նա:

Պարոն Ալավերդյանը խոսեց նաեւ աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու, օլիմպիական վարկանիշային մրցումներին մասնակցելու ծրագրերի մասին: «Ծանրամարտում թույլատրվում է ցանկացած մրցման մասնակցել ամբողջական կազմով, բացի օլիմպիական խաղերից: Այնտեղ յուրաքանչյուր ազգային ֆեդերացիա կարող է ներկայացնել երեքական տղա եւ աղջիկ: Մենք այն ֆեդերացիաներից ենք, որոնք կարող են առավելագույն թվով մասնակից ունենալ: Չգիտեմ, աղջիկներին կհասցնե՞նք: Բայց ինձ միայն մասնակցությունը չի բավարարում: Ես ուզում եմ, որ օլիմպիական խաղերից էլ պատվով վերադառնանք: Ինչ վերաբերում է աղջիկներին, ընդհանուր առմամբ իրենցից նույնպես գոհ եմ: Բայց հաճախելիության խնդիր դեռ ունենք ու առայժմ հնարավոր չէ մեծ արդյունքների մասին խոսել»:

Խոսելով պայքարի ընթացքում մարզիկների մոտեցման եւ պատվիրվող քաշերի մասին, Փաշիկ Ալավերդյանն ասաց. «Հաճախ են մեկնաբաններն ասում, թե ծանրորդը պատվիրեց այս քաշը: Չկա նման բան: Պատվիրում է մարզիչը: Ծանրորդը քաշը բարձրացնողն է: Երկու բնագավառ կա՝ զինվորական եւ սպորտային, որտեղ դեմոկրատիա չկա: Կա հրաման, հրահանգ են կատարում: Այս երկու ոլորտներից որ մեկում դեմոկրատիա խաղացիր, պարտվելու ես: Կարող եք ինձ հետ համաձայն չլինել: Բայց պատկերացնո՞ւմ եք՝ պատերազմում սարը պետք է գրավել ու զինվորն ասում է՝ չէ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930