Գլխավոր դատախազության հայցը 2023 թվականի ապրիլի 26-ին բավարարվել է Վարչական դատարանի կողմից. վճռով առ ոչինչ է ճանաչվել «Ազատության պողոտային հարող «Հաղթանակ» զբոսայգու տարածքից «Գոլդեն Փելիս» հյուրանոցի վարձակալած հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» Երևանի քաղաքապետի 2006 թվականի ապրիլի 26-ի թիվ 622-Ա որոշումը: Դատարանը, որպես հետևանք, անվավեր է ճանաչել նաև անշարժ գույքի վերաբերյալ գրավի (հիփոթեքի) պայմանագիրը, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև 2006 թվականի հունիսի 1-ի թիվ 12366 առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիմքով կատարված իրավունքի պետական գրանցումը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի 2006 թվականի ապրիլի 26-ի թիվ 622-Ա որոշմամբ և 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 1619-Ա որոշմամբ՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոց և «Գոլդեն Փելիս» ՍՊ ընկերություններին ուղղակի վաճառքի ձևով օտարվել էին համապատասխանաբար՝ 17077,6 քմ և 10000 քմ մակերեսով հողամասեր, այն դեպքում, երբ նշված հողամասերը՝ որպես «Հաղթանակ զբոսայգու» մաս, ընդգրկված էին ՀՀ հողային օրենսգրքով սահմանված օտարման ոչ ենթակա հողամասերի ցանկում, ուստի ենթակա չէին օտարման:
Գլխավոր դատախազության կողմից 2022 թվականի ապրիլի 25-ին 2 հայց էր հարուցվել դատարան:
Հայցերից մեկով՝ Գլխավոր դատախազությունը պահանջել էր առ ոչինչ ճանաչել Երևանի քաղաքապետի կողմից կայացված՝ «Հաղթանակ» զբոսայգու տարածքից «Գոլդեն Փելիս» հյուրանոցի վարձակալած հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին 2006 թվականի ապրիլի 26-ի թիվ 622-Ա որոշումը և, որպես հետևանք, պահանջել էր անվավեր ճանաչել իրավունքի պետական գրանցումը:
Կարդացեք նաև
Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել էր, որ Երևանի քաղաքապետը, անտեսելով նշված տարածքն ըստ Երևանի գլխավոր հատակագծի զբոսայգու տարածք հանդիսանալու և, որպես այդպիսին, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում ընդգրկված լինելու հանգամանքը, և գիտակցելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Ա.Լ.-ի կողմից 2006 թվականի մարտի 16-ին տրված թիվ 18-09/2-881 եզրակացության ոչ իրավաչափ բնույթը (հողամասի՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում չգտնվելու վերաբերյալ տեղեկության ոչ ճշմարտացի լինելը), իր՝ 2006 թվականի ապրիլի 26-ի թիվ 622-Ա որոշման 1-ին կետով Ազատության պողոտային հարող «Հաղթանակ» զբոսայգու տարածքում (Ազատության պողոտա 2/2) 17077,6 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել էր «Գոլդեն Փելիս» հյուրանոցին:
Նույն որոշման 3-րդ կետով՝ Երևանի քաղաքապետը չեղյալ էր համարել Երևանի քաղաքապետի՝ 2003 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 2060-Ա որոշման հիման վրա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 2003 թվականի նոյեմբերի 18-ին թողարկված՝ «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած հողամասի թիվ 3505-2003 գլխավոր հատակագիծը՝ 17077,6 քմ մակերեսի չափով, որով զբոսայգու զբաղեցրած հողամասն ընդգրկված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում:
Այսպիսով, Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո «Հաղթանակ» զբոսայգում «Գոլդեն Փելիս» հյուրանոցին ապօրինի օտարված 17077,6 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի պետությանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ