Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Սրանից բացի, այլ ի՞նչ հիմք պիտի լինի Արփինե Սարգսյանի համար, որ ծառայողական քննություն իրականացվի». Արա Ղարագյոզյան

Ապրիլ 26,2023 15:44

Ցանկացած ոստիկանական գործողություն պետք է լինի իրավաչափ եւ համաչափ այն հաղորդումներին, որոնք ներկայացված են եղել եւ եթե ներկայացված են եղել հաղորդումներ, ուրեմն պետք է հասարակությանը հաշվետվողականություն լինի, թե ի՞նչ գործողություններ եւ ինչո՞ւ են կատարվել, որովհետեւ հատկապես մերկացումներով խուզարկությունները, մարդու իրավունքների տեսանկյունից, անընդունելի են. այս կարծիքին է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, որը պնդում է, թե ՔԿՀ-ներում նման խուզարկությունները բազմաթիվ են, ինչի մասին ահազանգեր իրենք մշտապես են ստանում ու նման խուզարկություններն այնպես չեն հիմնավորվում, որ համարենք, թե ոստիկանությունն ունեցել է կոնկրետ, չափելի կասկած, որ անձն իր մարմնի որեւէ հատվածում անթույլատրելի իր կամ առարկա է պահում: Իսկ տվյալ պարագայում, խոսքը «Պոլիգրաֆ» ակումբում տեղի ունեցածի մասին է, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց, մասսայականորեն նման գործողություն կատարելը պահանջում է շատ խորը, մասնագիտական-ծառայողական քննություն, որպեսզի հասկանալի լինի, թե իրականում ինչ է եղել ու որքանով է դա իրավաչափ:

«Այն, ինչ կա համացանցում՝ դա բռնություն է»,- «Մեդիա կենտրոնում» կայացած՝ «Բռնության հերթական դեպքերը ոստիկանների կողմից» թեմայով քննարկման ժամանակ, ասաց իրավապաշտպանը:

Հիշեցնենք, ապրիլի 24-ին «Պոլիգրաֆ» ակումբի թիմը հայտարարություն է տարածել նախորդ օրը ակումբում տեղի ունեցած ոստիկանական ռեյդի վերաբերյալ, նշելով. «Անցած գիշեր՝ ժամը 1-ի մոտակայքում, ՀՀ ոստիկանությունը առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու ներխուժել է «Պոլիգրաֆ»: Ակումբում բոլորին պառկեցրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք։ Մեր աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկվելու համար մերկացվել ոստիկանության բաժնում։ Մենք արդարություն ենք պահանջում բոլոր տուժածների համար»։ Հաջորդ օրը հաղորդում տարածեց ՀՀ քննչական կոմիտեն առ այն, որ «Պոլիգրաֆ» ակումբում թմրամիջոցների նմանվող զանգվածներ են հայտնաբերվել: Ակումբում տեղի ունեցածի վերաբերյալ նաեւ ՄԻՊ-ն է բողոք ստացել: Այդ հարցը նաեւ երեկ խորհրդարանում իշխող ՔՊ խմբակցության ներկայացուցիչների բանավեճի առարկա դարձավ:

Զարուհի Հովհաննիսյանը կարծում է, որ նման օպերացիայից հետո, ոստիկանությունը պետք է անմիջապես հիմնավորումներով հանդես գար: Իսկ ՔԿ-ի հաղորդագրությունը, ըստ բանախոսի, համահունչ չէր կատարվածին, քանի որ նպատակը եւ արդյունքը տարբեր բաներ են, մինչդեռ այն, ինչ երեւում է համացանցում տարածված տեսանյութում, բռնություն է ու դատապարտելի:

Մանրամասները՝ տեսանյութում

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանի կարծիքով էլ, դեպքից հետո անգամ բռնությունն արդարացնող հայտարարություններ հնչեցին: Նա նկատի ունի փոխոստիկանապետի պատասխանը խորհրդարանում, երբ ասաց, որ եթե հիմքեր առաջանան՝ քննություն կիրականացվի: Փաստաբանը պնդում է՝ տեսանյութում շատ հստակ երեւում է, թե ինչպես են ոստիկանները հարվածում ակումբում գտնվող մարդկանց. «Սրանից բացի, այլ ի՞նչ հիմք պիտի լինի Արփինե Սարգսյանի համար, որ ծառայողական քննություն իրականացվի: Կամ ի՞նչ ծառայողական քննության մասին է խոսքը, եթե հստակ երեւում է՝ եղել է դաժան վերաբերմունք: Ես համացանցում մի քանի տուժողների գրառումներ եմ տեսել, երբ տուժողները խոսում են այն ահասարսուռ վերաբերմունքի մասին «Պոլիգրաֆ» ակումբում, որը տեղի է ունեցել ոստիկանների կողմից: Ըստ տուժողների, նաեւ ոստիկանության բաժանմունքում են իրենց հետ վատ վարվել»:

Փաստաբանը պնդում է՝ բռնությունն արդարացվում է իշխող ուժի պատգամավորների կողմից՝ թմրանյութերի դեմ պայքարի անվան տակ, քանի որ ՔՊ պատգամավորները ԱԺ-ում նման հայտարարություններ արեցին, ինչը մտահոգիչ է:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Հովհաննիսյանը համամիտ է՝ Հայաստանում թմրամիջոցների շրջանառությունը խայտառակ չափերի է հասել, ընդ որում, անչափահասների շրջանում ու շատ ողջունելի է դրա դեմ ոստիկանության պայքարը: Բայց որեւէ խնդրի լուծման համար մարդու իրավունքները չպետք է ստորադասվեն: Ինքը ողջունում է նաեւ փոխնախարարի արձագանքը, որ ծառայողական քննություն կիրականացվի:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930