Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ադրբեջանական բանավեճ ԵԽԽՎ-ում՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինաբար հսկիչ անցակետի տեղադրման հարցով

Ապրիլ 26,2023 15:27

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոց կիրառելու որոշումը չկատարելով՝ այս կառույցում մեր ադրբեջանցի գործընկերները հերքում էին Լաչինի միջանցքի շրջափակման փաստը և Ադրբեջանի իշխանության կապն այսպես կոչված էկոակտիվիստների հետ, որոնք փակել են ճանապարհը։ Այս կիրակի Ադրբեջանը հսկիչ անցակետի տեղակայման աշխատանքներ սկսեց»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը։

Նշենք, որ լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ջորջ Կատրոգալոսը ներկայացրեց «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և ազգային սահմանադրությունները» թեմայով զեկույց։ Դրան հաջորդեցին պատվիրակների ելույթները։

Հռիփսիմե Գրիգորյանը Վեհաժողովի ուշադրությունը հրավիրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշման վրա, որն ընդունվել է 2022-ի դեկտեմբերի 21-ին, որով միջանկյալ միջոց է կիրառում Ադրբեջանի նկատմամբ Լաչինի միջանցքի շրջափակման համար։ Հռիփսիմե Գրիգորյանը նշեց․ «Վստահ չեմ, որ անգամ ադրբեջանական անցակետի տեղակայման աշխատանքներից հետո ադրբեջանական կողմը կընդունի շրջափակման փաստը։ Ուստի տեղում պետք է ստեղծվի միջազգային դիտորդության հնարավորություն։ Եվ վերջում ուզում եմ այստեղ բոլորին հարցնել՝ ի՞նչ ուղերձ է մեզ բոլորիս հղում Ադրբեջանը դրանով․ ոչ թե ԼՂ-ում ապրող 120.000 ղարաբաղցիներին, այլ մեզ՝ բոլորիս։ Միգուցե այդ ուղերձը սա է։ Հարգելի միջազգային հանրություն, մինչ բոլորը զբաղված են Ուկրաինայի սարսափելի պատերազմով, ես օգտվում եմ իմ նպատակներին հասնելու հնարավորությունից՝ խախտելով միջազգային իրավունքը։ Տեղեկացված եղեք՝ քանի դեռ ոչ ոք ինձ հետ չի պահել, ես կշարունակեմ այդպես վարվել»։

Այնուհետև դիմելով վեհաժողովին՝ Հռիփսիմե Գրիգորյանն ասաց․ «Մենք պետք է որոշենք՝ արդյոք մեզ կարո՞ղ ենք թույլ տալ հանդուրժել այս ամենը, թե՞ վերջապես կհավաքենք մեր ուժերը պաշտպանելու մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը բռնապետությունից»։

Նշենք, որ ելույթներով հանդես եկան նաև ադրբեջանական պատվիրակությանը անդամները՝ փորձելով վեհաժողովին համոզել, թե իրենք Լաչինի միջանցքում անցակետ են տեղադրել, քանի որ իբր դա իրենց ինքնիշխան տարածքն է, որպեսզի հսկեն իրենց սահմանները, քանի որ իբր Հայաստանը Լաչինի միջանցքն օգտագործում է զենք տեղափոխելու համար։

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Էրկին Գադիրլին, անդրադառնալով Հռիփսիմե Գրիգորյանի հայտարարություններին նշեց․ «Անձամբ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրենց վեճերը տեղափոխեցին միջազգային ատյաններ։ Եթե ​​մենք դա անեինք 30 տարի առաջ, հավանաբար կարող էինք խուսափել պատերազմից։ Բայց որքան էլ ես ուրախ եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ իրենց վեճերը տանում են միջազգային դատարան, ես կասկած ունեմ, որ Հայաստանը փորձում է քաղաքականացնել միջազգային դատական ​​իշխանություններին»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930