Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Տարակուսած եմ, թե ինչու եմ հրավիրվել»․ Բելգիայում ՀՀ հյուպատոսը վկա է Վ․ Գասպարյանի թիկնազորի նախկին պետի գործով

Ապրիլ 26,2023 15:10

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ, 2011-2018թթ․ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի նախկին տեղակալ, 5-րդ բաժնի նախկին պետ Արշակ Հակոբյանի գործով հերթական դատական նիստն էր, որի ընթացքում որպես վկա հարցաքննվեց 2011թ․-ից ցայսօր ՀՀ ոստիկանության պետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող եւ համատեղությամբ Բելգիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Գրիգոր Բադիրյանը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արշակ Հակոբյանը լվացել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 351 մլն 497 հազար 422 դրամը եւ 75 մլն դրամ արժեքով անշարժ գույքը: Ըստ մեղադրանքի՝ նա, լինելով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաեւ զբաղվել է կոռուպցիոն այլ գործունեությամբ, որի արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու եկամուտները լվանալու, օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու նպատակով` թաքցրել, խեղաթյուրել է ձեռք բերված գույքերի ու վճարված գումարների իրական բնույթը, հանցավոր ծագումը և պատկանելիությունը` դրանց հաղորդելով օրինական տեսք: Մեղադրանքն ամբողջությամբ՝ այստեղ։

Վկա Գրիգոր Բադիրյանը դատարանին հայտնեց, որ կողմերից ճանաչում է Արշակ Հակոբյանին, փոխադարձ հարգանքի հիման վրա բարիդրացիական, աշխատանքային հարաբերություններ է ունեցել, անձնական հարաբերություններ չեն եղել։ «Տարակուսած եմ, թե ինչու եմ հրավիրվել։ Մեղադրանքին ծանոթ չեմ։ Մի անգամ քննչական ծառայությունում հրավիրել են ու լավ չհասկացա, թե ինչ սպասելիքներ եւ տեղեկատվություն են ինձնից ակնկալել։ Ինձ թվաց, թե աշխատասենյակիս վերաբերյալ է հարցաքննությունը։ 2011-ից ոստիկանության պետի գլխավոր խորհրդական եմ, համատեղությամբ՝ Բելգիայի թագավորությունում հյուպատոս։ Աշխատասենյակս գտնվում է հիմնական շենքի երրորդ հարկում։ Քննիչը ճշտում էր՝ աշխատասենյակ ունե՞մ, թե՞ ոչ։ Կա նախասրահ։ Աշխատասենյակս անփոփոխ է»,-հայտարարեց Գրիգոր Բադիրյանը։

Հանրային մեղադրողները հարցեր ուղղեցին նրան։

-Տեղեկություններ ունե՞ք՝ Արշակ Հակոբյանն ու Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ հարաբերությունների մեջ են եղել։

Վկա-Անձնական հարաբերությունները չեմ կարող ասել, ծառայողական հարաբերությունների մեջ են եղել։

-Վլադիմիր Գասպարյանի կնոջ՝ աշխատելու-չաշխատելու հետ կապված տեղեկություններ ունե՞ք։

Վկա-ինձ նախաքննության ժամանակ էլ այդ հարցը հստակ․․․եթե կարելի է, կոնկրետ հարցրեք էլի։

-Վլադիմիր Գասպարյանի կինը՝ Սուսաննա Գասպարյանը, աշխատե՞լ է երբեւէ։

Վկա-Իմ պարտականություններից ելնելով՝ չեմ իմացել աշխատե՞լ է, թե՞ ոչ։ Չեմ էլ կարող ասել, որ չի աշխատել։ Ես չեմ կարող հավաստել կամ հերքել, բայց նրան հաճախ եմ տեսել։ Տեսել եմ գալիս, դուրս գալուց, ձեռքին թղթեր։ Չգիտեմ՝ դրանք աշխատանքայի՞ն թղթեր են եղել, թե՞ ոչ։ ՌԴ-ի հետ համատեղ կոլեգիաների նիստեր են անցկացվել, եւ տեսել եմ, որ տիկին Սուսաննան ակտիվ մշակութային․․․ծրագրերը հագեցած էին, միջոցառումներ էին կազմակերպվում պատասխան այցերի ժամանակ։ Բայց չգիտեմ, թե նա ինչ հիմունքներով է այդտեղ եղել։

-Ինքը կոնկրետ ի՞նչ դերակատարում է ունեցել։

Վկա-Կոլեգիաների համատեղ միջոցառումներին նա ակտիվ էր։ Չէի կարող իմանալ կոնկրետ։ Ճանաչում եմ իրեն, բայց անձնական մտերմություն չունենք։ Միջոցառումների ծրագիրն իմ մոտ էր, ինքն էր կոորդինացնում մշակութային մասը։ Կա նաեւ պաշտոնական մաս, որի սպառումից հետո մշակութային հատվածն էր։ 13-14-15 թվականներին էին։ Կոորդինացնում էր։ Թե ինչ հիմունքներով, չեմ կարող ասել։

-Նա աշխատասենյակ ունեցե՞լ է։

Վկա-Ես չեմ տեսել, չէի էլ կարող տեսնել։ Ես աշխատել եմ իմ ղեկավարի հետ։ Չեմ կարող հաստատել կամ հերքել։ Ներհամակարգային անցուդարձին չեմ մասնակցել։ Իմ պարտականությունն էր հարաբերվել իմ վերադասի հետ։

-Ի՞նչ էր ենթադրում այդ մշակութային միջոցառումը ռուսական կողմի երկու այցելությունների ժամանակ։

Այս հարցի դեմ Արշակ Հակոբյանի պաշտպաններից Ալեքսանյանն առարկեց․ «Առարկում եմ, որովհետեւ առաջին երկու հարցից բացի՝ մյուս հարցերը չէին վերաբերում մեղադրանքին։ Շատ մեծ երեւակայության դեպքում կարող էին պատկերացնել, թե ռուսական կողմի որ միջոցառմանն է վկան մասնակցել։ Ի՞նչ կապ ունի դա»։ Դատավորը մեղադրողին խնդրեց վերաձեւակերպել հարցը կամ պարզաբանել, թե դա մեղադրանքի հետ ինչ կապ ունի։

Մեղադրողը պարզաբանեց․ «Մասնակցությունն էի ցանկանում ճշտել, աշխատանքի գալ-չգալու հանգամանքը։ Հարցերի միջոցով փորձում եմ պարզել, թե Սուսաննա Գասպարյանն ի՞նչ մասնակցություն է ունեցել դրան»։

Վկա-Տարին մեջ լինում էր այդ միջոցառումը՝ երգ, պար, համազգեստներ։

Պաշտպան Ալեքսանյան-Մեղադրանքի կողմն ասում է, որ Վլադիմիր Գասպարյանի կինը չի աշխատել, գործի չի եկել եւ ստացել է աշխատավարձ, որը տվել է իր ամուսնուն, ով էլ փողերի կեղտոտ լինելու մասին հայտնել է Արշակ Հակոբյանին, գումարը տվել դրան, նա էլ դրանից տասը անգամ ավելի գումար կազմող մեքենա է գնել Վլադիմիր Գասպարյանի համար։ Դուք նման հանգամանքների վերաբերյալ կարո՞ղ էիք տեղեկություններ հայտնել դատարանին։

Վկա-Կարծում եմ՝ ոչ։

Պաշտպան-Կարո՞ղ եք հաստատել կամ հերքել, որ տիկին Սուսաննան աշխատել է ոստիկանությունում ձեզ զուգահեռ։

Վկա-Իմ նախաքննական ցուցմունքում գրել եմ՝ ոչ կարող եմ հաստատել, ոչ էլ հերքել, որովհետեւ իմ ծառայողական պարտականություններից ելնելով՝ չէի կարող դա իմանալ։ Ասացի, որ տեսել եմ նրան, բայց չգիտեմ՝ դա ծառայողական պարտականությո՞ւն էր իր կողմից, թե՞ ոչ։

Այսքանով Գրիգոր Բադիրյանի հարցաքննությունն ավարտվեց։ Հավելենք, որ Սուսաննա Գասպարյանը 2011թ․ դեկտեմբերից մինչեւ 2018թ․ մայիսը հանդիսացել է ոստիկանության պետի ավագ ռեֆերենտ, սակայն, ըստ իր մասով առաջադրված մեղադրանքի, ծառայության չի ներկայացել՝ որպես աշխատավարձ ստանալով ընդհանուր 17 մլն 275 հազար 721 դրամ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Դատական նիստերի տեսանկարահանում եւ լուսանկարում առհասարակ թույլատրված չէ մեղադրյալի խնդրանքով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930