Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերակենդանացման բաժանմունքներում այս պահին հիմնականում չպատվաստված մարդիկ են. մասնագետ

Ապրիլ 26,2023 15:00

Ապրիլի 23-ից Հայաստանում մեկնարկած «Իմունականխարգելման եվրոպական շաբաթն» էր առիթ հանդիսացել, որ այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում Հայաստանի իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը խոսի Հայաստանի իմունականխարգելման իրավիճակի մասին:

Խոսելով ժամանակին արված յուրաքանչյուր պատվաստման կարևորության մասին՝ մասնագետը նշեց, որ վերջերս կարմրուկի լոկալ բռնկման ժամանակ վարակվեցին հենց այն մարդիկ, ովքեր ուշացրել կամ չէին պատվաստվել: «Իհարկե, կարող են լինել նաև բերովի դեպքեր: Այսօր աշխարհի շատ երկրներում կարմրուկի բռնկումներ են: Մեր երկրում, ինչպես գիտեք, եղավ բերովի դեպք՝ տեղային բռնկում, սակայն մեկ ու կես ամսվա ընթացքում հնարավոր եղավ տեղայնացել: Հիվանդության տարածում էլ չեղավ, կարողացանք իրավիճակը հաղթահարել: Ասեմ, որ այժմ կարմրուկի առումով համաճարակաբանական իրավիճակը հանդարտ է: Այս հաջողությունն ապացուցեց, որ Հայաստանում պատվաստումները բավական բարձր մակարդակով են իրականացվում, մենք ունենք կոլեկտիվ իմունիտետ»,-ասաց Գայանե Սահակյանը:

Տիկին Սահակյանը թվարկեց այն հիվանդությունները, որոնք պատվաստումների շնորհիվ գրեթե վերացման շեմին են՝ պոլիոմելիտը, դիֆթերիան, կարմրախտը: Նրա հավաստմամբ, Հայաստանում դիֆթերիայի դեպք չի արձանագրվել 2000թ.-ից, պոլիոմելիտ՝ 1995 թ.-ից, իսկ կարմրուկի ու կարմրախտի մասով էլ դեպքերը նվազել են:

Գայանե Սահակյանի գնահատմամբ, Հայաստանն իմունականխարգելման արդյունքները գոհացուցիչ են: Հանրապետությունում 15 պատվաստանյութով տարվում է պայքար 18 վարակիչ հիվանդությունների դեմ: Մեր երկրում պատվաստումներն անվճար են: Մի շարք վարակիչ հիվանդությունների հետ կապված առկա է առնվազն 90 տոկոս պատվաստում:

Անդրադառնալով համաճարակաբանական ցուցումով մյուս պատվաստմանը՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստմանը՝ մասնագետը հորդորեց, հատկապես ռիսկի խմբում ընդգրկվածներին՝ պատվաստվել պոլիկլինիկաներում:

«Քանի որ մեր վիճակագրությունը, մոնիթորինգը ցույց է տալիս, որ վերակենդանացման բաժանմունքներում այս պահին հիմնականում չպատվաստված մարդիկ են և եթե անգամ 2 դեղաչափ պատվաստված են, դա մեկ կամ տարի ու կես առաջ էր, իսկ դա արդեն բավականին երկար ժամանակ է, պետք է օրգանիզմին հիշեցնել հակամարմիններ ստեղծելու մասին »,-ասաց Գայանե Սահակյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930