Արցախն ուզում էիք փրկել, Արցախի փրկության մասնիկներն անգամ չեն մնացել, ի՞նչ է անում ընդդիմությունը, միայն մասնակցում է հանձնաժողովներում նախագծերի քննարկմա՞նը. այսօր լրագրողների հետ զրույցում այս հարցին ի պատասխան՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը պատասխանեց. «Դուք ճիշտ եք, եթե մենք բավարարվում ենք միայն հանձնաժողովներում օրենսդրական որեւէ հարցի շուրջ մեր մասնակցությամբ, այո, միանշանակ դուք ճիշտ եք: Մասնակցել հանձնաժողովներում այդ հարցերի քննարկմանը՝ չի բացառում նաեւ ավելի լուրջ, ավելի սուր ընդդիմադիր պայքարի առկայությունը: Աշխարհում այսօր բոլոր հարցերի լուծումները զուգահեռ քայլերի ընթացքում են ստացվել: Այսօր «կամ-կամ»-ը չի, «եւ-եւ» գործողությունն է առաջնայինը»:
Դիտարկմանը, որ գործուղումների եք ակտիվ գնում՝ Կյուրեղյանը պատասխանեց. «Գիտեք, գործուղումները որոշ ժամանակ օգնում են ինչո՞ւ, որովհետեւ եթե մենք հրաժարվում ենք խորհրդարանական դիվանագիտության գործիքից, ստացվում է, որ հայաստանյան ներկայացուցիչները, օրինակ, ֆրանսիացի պատգամավորների հետ հանդիպումների ժամանակ, ընդամենը ներկայացվելու էին ՔՊ խմբակցության պատգամավորների կողմից, այսինքն, սեղանին դրվելու էր միայն նրանց տեսակետը, իսկ իմ ներկայությունն այն առավելությունը բերեց, որ ներկայացվեց իրենց տեսակետի սնանկությունը, ոչ հանրային լինելը: Եթե իրենք են ներկայացնում, ստացվում է, որ միակն ու անկրկնելին իրենց ասածն է, այդ դեպքում ինչպիսի՞ աջակցություն ենք սպասում Ֆրանսիայի սենատորից»:
Լրագրողները հիշեցրին, որ ՀՀ քաղաքացիները քվե են իրենց տվել՝ Փաշինյանին հեռացնելու համար Կյուրեղյանը պատասխանեց. «Մենք դրսում ասել ենք, որ այն ամենը, ինչ ներկայացվում է այս իշխանությունների կողմից, հանրության ամբողջական կարծիքը չէ ու երբ որ դա ներկայացնեն որպես միասնական հանրային կարծիք, դուք դա կասկածի տաք դրեք, քանի դեռ ուրիշներին չեք լսել: Եթե մենք մտածում ենք, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, այո, հանրային ըմբոստ շարժում է պետք, բայց այդ ճնշումը լինելու համար ի՞նչ ճանապարհներով է հնարավոր այսօր հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Կա 3 ճանապարհ՝ կա՛մ ինքն է հրաժարական տալիս, որը բացառում ենք, կա՛մ խորհրդարանը նրան հայտնում է անվստահություն, որը նույնպես բացառում ենք, կամ հանրային լայն ճնշման արդյունքում է լինում, որը չստացվեց, բայց 2 անգամ չստացվեց, պետք է փորձել այնքան, մինչեւ կստացվի»:
Դիտարկմանը, որ մինչեւ փորձեք, գուցե ուշ լինի՝ նա պատասխանեց. «Իսկ ի՞նչ եք առաջարկում, մենք ինչ-որ բան միգուցե սխալ ենք արել, ոչ թե միգուցե, այլ սխալ ենք արել, ճիշտ չենք գնահատել իրավիճակը: Բայց եթե կան ավելի լուրջ, արդյունավետ առաջարկներ, մենք պատրաստ ենք այդ առաջարկների հետեւից գնալու: Բայց քանի դեռ այդ առաջարկները չկան, մենք անում ենք այնքան, ինչքան կարողանում ենք: Դրանի՞ց էլ հրաժարվենք»:
Կարդացեք նաև
Կյուրեղյանը հիշեցրեց, թե ինչ է ասել ԱԺ իր ելույթում Նիկոլ Փաշինյանին. «Ես ասել եմ՝ հիմա դու հարի՞ֆն ես, թե՞ դավաճանը, դու ո՞րն ես ընտրում: Միեւնույն է, ո՛չ հարիֆն է ինձ ձեռք տալիս որպես ՀՀ քաղաքացի, ո՛չ դավաճանը: Ես չեմ վախեցել, հենց իրեն եմ ասել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ