Aravot.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկվել ՀՀ ՊՆ Տավուշի թիվ 2-րդ տարածքային ստորաբաժանման ղեկավար (զինկոմ) Լեռնիկ Օհանյանը: Բերդ համայնքի Տավուշ բնակավայրի ավտոգազալցակայանում գազ լիցքավորելու հերթի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Լ․ Օհանյանի և Տավուշի մարզի բնակիչներ Գ. Աթոյանի ու Վ. Եսայանի միջև, որի ժամանակ էլ վերջիններս ծեծի են ենթարկել զինկոմին: Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
ՀՀ ՊՆ Տավուշի թիվ 2-րդ տարածքային ստորաբաժանման ղեկավար Լեռնիկ Օհանյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին չի կարող մեկնաբանություն տալ դեպքի առթիվ: «Քիչ առաջ եմ տեղափոխվել հիվանդասենյակ: Բարդ վիրահատության եմ ենթարկվել, քանի որ ստացել եմ ողնաշարի կոտրվածք: Այս պահին, այս վիճակում չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ»,-նշեց Լեռնիկ Օհանյանը:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարը` Բերդի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից