Կապանի «Սյունիք» օդանավակայանում ապրիլի 26-ին, Երևանի ժամանակով ժամը 10:58-ին, բարեհաջող վայրէջք կատարեց L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը։
Կապանի «Սյունիք» օդանավակայանում ինքնաթիռը դիմավորեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչներ։
Մինչ վայրէջքը՝ բոլորն անհամբեր ու հուզված էին։ Ըստ չվացուցակի՝ «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքը նախատեսված էր ժամը 10.00-ին, բայց 10 րոպե ուշացավ։ Տեւողությունը 45 րոպե է։ Օդանավի փափուկ վայրէջքը ներկաները դիմավորեցին ծափահարություններով։
Կարդացեք նաև
Քաղավիացիայի վարչությունը տեղեկացնում է, որ օդանավը նախատեսված է 19 ուղևորի համար: Այն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Թռիչքը կրում էր փորձնական բնույթ: Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն, և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սերտիֆիկացվել է 2020 թվականին: Այս թռիչքը հիրավի պատմական էր, քանի որ 90-ականներից Կապանի օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվել՝ բացառությամբ 2017 թվականին մեկ մասնավոր թռիչքի:
Օդանավը 6 անգամ թռիչք կատարեց՝ փորձարկելով տեխնիկական սխեմաները։ Օդաչուներին դիմավորեց ու շնորհակալություն ասաց Ռոբերտ Ղուկասյանը։ Շամպայն՝ ի նշան հաջող գործարկման ու մաղթանք, որ Կապանի «Սյունիք» օդանավակայանում միայն շամպայնի պայթյուններ լսվեն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ