Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամոկատով» պարեկներ երթի սկզբից, փուչիկներն էին պակասում». Դավիթ Սահակյանցը՝ Եղեռնի օրվա երթի մասին

Ապրիլ 26,2023 13:56

«Ընկերոջս հայրը երեխաներին դաստիարակելիս միշտ ասում էր` ամենաշատը վախեցիր վախկոտ մարդկանցից, որովհետեւ մարդը վախից ելնելով կարող է ցանկացած ծայրահեղության գնալ, նա պատրաստ է ցանկացած տականքության…Դուք տեսաք Ավինյանի վախեցած վիճակը «Ազգային արժանապատվության ասպետներ հայ վրիժառուների» հուշակոթողի բացման ժամանակ, ինչ վախի հոտ էր գալիս»,- «Հայելի» ակումբում ասաց մուլտիպլիկատոր, ռեժիսոր Դավիթ Սահակյանցը:

«Կամ ՄԻՊ-ի ընտրության ժամանակ, երբ Էդգար Ղազարյանն ԱԺ-ում էր, տեսաք ՔՊ-ականների պոռթկումները, էդ վախն էր խոսում, դրանց ականջ կտրելը, Ալեն Սիմոնյանի թքելը …Էդ ամեն ինչը վախից է:

Դու չես կարողանում քեզ զսպել այն ժամանակ, երբ վախեցած ես, վախեցած ժամանակ ես սխալներ թույլ տալիս, իսկ սրանց սխալները գնալով աճում են…Կամ ԳՇ պետի հայտարարությունը, որ ձեր գործը չէ…Դրանք այնպիսի կոպիտ սխալներ են: Հիմա հանցակիցների խմբով իրար պոչ են բռնել, ստիպված է ամեն մեկն ինքն իրեն մի կերպ պահել՝ իրականում իրենք իրենց դեպի ձորն են տանում»,-ասաց Դավիթ Սահակյանցը:

Նրա խոսքով. «Եթե այս ծանր վիճակում այդ շղթայից մեկ հոգի անգամ թեկուզ թուք ու մուր ուտելու գնով այդ շարքից դուրս գա, շղթան կքանդվի եւ դա կլինի փրկություն: Ամեն դեպքում, ինձ թվում է, որ այդ մեկ հոգին գոյություն ունի, ո՞վ է իրենց շարքերում այդ մեկ հոգին, ես դժվարանում եմ ասել, որովհետեւ առայժմ ոչ մի նշույլ չեմ տեսնում: Բայց ուզում եմ հավատալ, որ այդ մի հոգին կա, եւ նա դուրս կգա արանքից ու արատավոր շղթան կկտրվի»:

Դավիթ Սահակյանցը վերջին հինգ տարիները դաժան է որակում, նաեւ հիշում է, թե ինչպես էին 2019-ին հոդվածներից մեկում իրեն հեգնել. «Հը՞, հիմա վտանգվա՞ծ է Արցախը…»: Ասում է. «Ողբերգությունը շարունակվում է, 2018-2019 թվականներից մենք գտնվում ենք մղձավանջի մեջ, եւ հիմա երկու ցեղասպանություն ենք ապրում՝ ցեղասպանություն երկրի ներսում եւ սահմանին, ու ամեն ինչ տանում է նրան, որ մի ցեղասպանություն էլ սկսվի յաթաղանով, զենքով…Մի՞թե դպրոցներում ազգային ամեն ինչն արգելելը, ծրագրերից հանելը սպիտակ ցեղասպանություն չէ…Նման բաներ կարող էր լինել միայն Թուրքիայի տարածքում:

Ազգայինը մարդու միջից հանելը թշնամին միշտ արել է, երբ ցանկացել է ոչնչացնել ազգը…Հիմա այդ նույնը մեզ մոտ է կատարվում… «Գոյ» թատրոնը դուրս է գալիս եւ հայտարարում է գոյամարտ, դուրս են գալիս պայքարի ներկայիս ԿԳՄՍ ԶՊԾ (հեգնում է-Գ.Հ) Ժաննա Անդրեասյանի դեմ, զուգահեռ մշակույթի ուրիշ գործիչներ գնում էդ նույն Ժաննա Անդրեասյանից մրցանակներ են վերցնում»:

Մուլտիպլիկատորը մի դրվագի էլ անդրադարձավ. «Աննկարագրելի վիրավորանք զգացի իշխանության հերթական գործողությունից, երբ Եղեռնի զոհերի հիշատակի երթի առջեւից նախ «սամոկատով» պարեկներն էին գնում, հետո հոգեւոր դասը, հետո դրոշներն էին Ցեղասպանությունը ճանաչած երկրների, ապա ջահերով երթը, մնացածս…Պատկերացնում եք՝ շոուի պես ինչ-որ «սամոկատով» պարեկներ երթի սկզբից, փուչիկներն էին պակասում…Սա «ցիրկ» էր, հեգնանք… Դա ի՞նչ վերաբերմունքն է բոլորս հանդեպ, նույնիսկ իրենց տատերին ու պապերի հիշատակի, մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակի հանդեպ…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930